03:14
ԱԱԾ-ն խուզարկում է Գագիկ Ծառուկյանի առանձնատունը

Այս պահին ԱԱԾ աշխատակիցները շրջափակել են Գագիկ Ծառուկյանի՝ Առինջում գտնվող առանձնատունը:

 

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց, որ, ըստ իրենց տեղեկությունների, պատճառը 2017 թվականին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ Մարտունիի ԲՀԿ-ական թեկնածուներից մեկի հետ եղած ենթադրյալ ֆինանսական խնդիրներն են։

«Այստեղ այս պահին ԱԱԾ-ն  խուզարկություն է իրականացնում, մեզ հասած տեղեկություններով 2017 թվականին խորհրդարանական ընտրությունների ժամանակ Վազգեն էր անունը, ազգանունը չեմ հիշում, մեծամասնականով առաջադրված թեկնածու, իբր այդ թեկնածուի հետ ընտրությունների ժամանակ ինչ-որ ֆինանսական խնդիրներ են եղել, գումար է տվել, ինչ է արել, խուզարկություն իրականացնողները չկարողացան անգամ հստակ բացատրել: Այս ամենը դեժավյուի տպավորություն է թողնում, այս պահին մեր բազմաթիվ կուսակցականների համակիրների տներում ԱԱԾ աշխատակիցներ են գտնվում, այս իշխանությունը ուղղակի չի հանդուրժում այլակարծություն, գործում է նույն մեթոդներով, նույն ձեռագրով, պատկերացնում եք աբսուրդը, ինչ են պեղել:
Կրկնվում է նույն պատմությունը, ինչ որ 2015 թվի ժամանակ, որեւէ տարբերություն չկա: Եթե կարծիք արտահայտելու համար անցնում են այսպիսի ոստիկանական ռեպրեսիաների, ապա իմ կողմից արդեն իսկ տեղեկացված են բոլոր միջազգային կառույցները, դեսպանատները»,-ասաց Զոհրաբյանը:

Պատգամավորները դուրս են եկել խուզարկության տարածքից: Զոհրաբյանը նշեց, որ իրենցից ոչ ոք չի վախենում կալանավորվելուց:

«Այս իշխանությունը չի ընդունում այլակարծություն: Բարիկադները հաղթահարելով` անցել ենք այստեղ: Իրենք իրենց աշխատանքն են անում, մենք իրենց որևէ բանում չենք մեղադրում: Կրկնվում է նույն պատմությունը, ինչ որ 15 թվի ժամանակ»,- ասաց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Առաջարկում ենք նաև
Ամենադիտված
Լրահոս