ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ և մասնակցությամբ օգոստոսի 25-31-ը Արցախի զորամասերից մեկում անցկացվել է հավաք, որտեղ ներգրավված են եղել Արցախում բնակվող տարբեր տարիք և մասնագիտություն ունեցող 15 կանայք։ Դասընթացի նպատակն է եղել ծանոթանալ զինվորական կյանքին, ձեռք բերել ռազմական հմտություններ։ Այս նախաձեռնությունը լայնորեն քննարկվում է հասարակության շրջանում. որոշները ողջունում են այն, մյուսներն էլ՝ քննադատում և հերթական ձևականությունը համարում:

«Ադեկվադ» նախաձեռնության համահիմնադիր Արթուր Դանիելյանը  ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ վերջին շրջանում կատարվող և կատարվելիք քայլերով իշխանությունները հասարակությանը պատրաստում են պատերազմի. «Խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանի քայլերը բերել են տրամաբանական կետի, որտեղ պատերազմն անխուսափելի է, ընդ որում, իմ ինտուիցիան ինձ հուշում է՝ դա գիտակցված է արվել: Ես տեսնում եմ, որ նրանք հասարակությանը փորձում են պատրաստել պատերազմի, բայց չեն պատրաստում հաղթանակի, որովհետև հաղթանակին պատրաստելիս՝ իշխանությունները պարտավոր կլինեին օտարերկրյա գործակալական ցանցերը չեզոքացնել Հայաստանում, առաջին հերթին, հենց սորոսական տարատեսակ հիմնադրամները, ինչը չի արվում: Ահաբեկչական խմբերը ազատ  շրջում են փողոցներում և ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ մեզ պատրաստում են մի պատերազմի, որտեղ շատ հնարավոր է՝ ցավալի կորուստներ ունենանք, բայց իշխանությունները նախապես ուզում են ստեղծել իմիջ, որ նրանք ամեն ինչ իրենց ուժերի ներածին չափով արել են: Եվ ինչպես մի քանի անգամ արդեն եղել է, նախապես իրենց ուսերից գցեն պատասխանատվությունը, սակայն ցույց տան, որ, իբրև թե, ամեն ինչ արել են»,- ասաց Դանիելյանը:

Վերջին շրջանում տեղի ունեցած գործողությունները Արթուր Դանիելյանը բնորոշում է որպես դիմակահանդես. «Աշխարհազոր են ուզում ստեղծել, կանանց են զինվորական համազգեստով ցուցադրում, և տրամաբանական հարցեր են առաջանում՝ եթե աշխարհազորը այդքան կարևոր է, ապա ԵԿՄ-ն ինչու կազմաքանդվեց և նմանատիպ կառույցները, որոնք օրհասական պահերին միշտ Հայաստանի կողքին են եղել: Հիմա իրենց քայլերով մեդիահարթակներով փորձում են գովազդել, որ իրենք պատրաստվում են պատերազմի: Այս գործողությունները փախկապակցված են»:

«Ինձ մոտ շատ վատ կանխազգացում կա՝ ինչ-որ դավադրություն է հյուսվում, որի շրջանակներում, շատ հնարավոր է արդեն նախապես պայմանավորված, սարսափելի պարտություն է մեզ սպասվում, որտեղ հիմնական մեղավորը, ըստ ամենայնի, դուրս կգա Ռուսաստանը: Այսինքն՝ բացառված չէ, որ Նիկոլ Փաշինյանը ինչ-որ պահի ելույթ կունենա, և կասի, որ մենք սարսափելի կորուստներ ունեցանք, որովհետև, օրինակ, Ռուսաստանը մեզ դավաճանեց: Իրադարձությունների տրամաբանությունը և օրինաչափությունը հուշում են, որ դեպքերը կզարգանան հենց այս ֆոնով»,- ընդգծեց «Ադեկվադ» նախաձեռնության համահիմնադիրը:

Դանիելյանը վստահ է՝ այս քայլերը հանգեցնլու են սարսափելի հետևանքների. «Ես չեմ կարծում, որ Աննա Հակոբյանը այս նախաձեռնությամբ Մեհրիբան Ալիևայի նմանակման ինչ-որ նպատակ էր հետապնդում, ինձ թվում է՝ նրանք, ընդամենը, ստեղծում են պատրանք, որ ամեն ինչ անում են պատերազմի պատրաստվելու համար, մինչդեռ իրականում անում են հակառակը: Նրանք ՊՆ բյուջեն կրճատել են, հայտարարել են, որ բյուջեն 30%-ով աճել է, բայց, չգիտես ինչու, նախորդ տարիների համեմատությամբ միայն ՊՆ բյուջեն է կրճատվել, ընդ որում, ռազմամթերքի գծով ծախսերը էականորեն են կրճատվել, որովհետև, օրինակ, զինվորների սնունդի վրա ծախսվող գումարը 3-4 անգամ ավելացել է: Այնպես որ սա հերթական թատրոնն է, որի արդյունքում մենք ունենալու ենք սարսափելի հետևանքներ, շատ ավելի ցավալի, քան կորոնավիրուսի հետևանքով»:

«Չգիտեմ՝ հակառակորդը ինչպես է ընկալելու և արձագանքելու Աննա Հակոբյանի այս քայլը, բայց, կարծում եմ՝ էական էլ չէ: Զինվորական համազգեստ կրելու խնդիր չեմ տեսնում, բայց խնդիրն այն է՝ որ այդ ամենը թոզ է, և նրանք ստեղծում են պատրանք, թե ռազմահայրենասեր են. դա ինձ մոտ նողկանք է առաջացնում, որովհետև ցանկացած անբարոյական երեսպաշտության դրսևորման արդյունքում ես ոչ մի դրական զգացում չեմ կարող ունենալ, բայց բուն փաստը, որ պետական այրերը կամ իրենց կանայք ռազմական համազգեստ են կրում, կարծում եմ՝ սխալ կամ ճիշտ չի կարող լինել, նույնիսկ, ողջունելի է»,- եզրափակեց Դանիելյանը:

Արփինե Հակոբյան