Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամներն այսօր՝ հունվարի 15-ին, փակ եւ գաղտնի ռեժիմով բաշխեցին հանրապետական եւ մայրաքաղաքային սփռման սլոթերի համար դիմած հեռուստաընկերությունների միավորները:

Հանրապետական սփռման 5 սլոթերի համար առաջին առավելագույն միավոր հավաքած ընկերություններն են. «Արմենիա TV»-ն, «Հուսաբեր» ՓԲԸ-ն (Երկիր մեդիա), «Շանթ» ՍՊԸ-ն, ATV-ն, եւ «Մուլիտիմեդիա կենտրոն TV»-ն: Ըստ այդմ, հանրապետական սփռման ալիքների շարքից դուրս մնացին «Շարք» ՍՊԸ-ն՝5-րդ ալիքը, «Հայկական երկրորդ հեռուստաալիքը», «Արմնյուզ» ՓԲԸ-ն, «Մելտեքստ» ՍՊԸ-ն (Ա1+) եւ Freenews ՍՊԸ-ն:

Ուշագրավ որոշում է, որովհետև, ինչպես տեսնում ենք, հանրապետական սփռման հնարավորությունից զրկվում են ընդգծված ընդդիմադիր քաղաքականություն վարող հեռուստաալիքները՝ Թիվ5-ը, Հ2-ը և Արմնյուզը: Զուգադիպություն է, իհարկե, որ հենց այս ալիքներն Ամանորի գիշերը բոյկոտեցին վարչապետի ուղերձը և չհեռարձակեցին այն: Ընդդիմադիր Փաշինյանը ով ժամանակին մեղադրում էր Սերժ Սարգսյանին ընդդիմադիր մեդիայի ձայնը լռեցնելու մեջ, այսօր անում է նույնը ՝ մեդիա արշավ սկսելով իրեն չծառայող մեդիաների դեմ: Մյուս կողմից' Փաշինյանն ակտիվորեն փորձում է գրավել մեդիա դաշտը՝ հասկանալով, որ միայն ֆեյքերով սուտ տարածելը և այդպիսով հանրային կարծիք ձևավորվելը այլևս արդյունավետ չէ: Ամանորից հետո նմանատիպ արշավ էլ սկսվել էր լրատվական կայքերի դեմ, իշխանական ֆեյքերի կողմից տարածվում էր, իբրև թե, կեղծիք տարածող կայքերի մի ցուցակ, կայքեր, որոնց պետք է բոյկոտել: Հասկանալի է, որ դրանք ընդամենը այն լրատվական կայքերն էին, որոնք հարմար չեն Փաշինյանի համար և ասում են ցավոտ ճշմարտությունը: Թե մինչև ուր կարող է հասնել այս մեդիատեռորը՝ դժվար է ասել, այսօրվա քայլով իշխանությունները հասան իրենց նպատակին՝ զգալիորեն սահմանափակելով ընդդիմադիր հեռուստաալիքների լսարանը...