Ֆրանսիայի Լիմոժ քաղաքից ոչ հեռու 5G ցանցի ակտիվ հակառակորդների գործողությունների արդյունքում տեղի բնակիչները մնացել են առանց հաղորդակցության:

Ակտիվիստները, ովքեր իրենց անվանում էին «5G-ի վերացման կոմիտե», հրկիզել են աշտարակ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում: Նրանք իրենց գործողություններն անվանել են «Գործողություն քամու և թռչունների ձայնի համար»: Հրդեհը տարածվել է հարևան շենքերի վրա, և առնվազն երկու օբյեկտ, ներառյալ՝ բջջային օպերատորի ալեհավաքը, նույնպես բոցավառվել են: Սա ազդել է մի քանի գերատեսչությունների հեռահաղորդակցական ծառայությունների աշխատանքի վրա, 1,5 միլիոն տեղացի բնակիչներ մնացել են առանց ռադիոյի և հեռուստատեսության հեռարձակման, գրում է Le Figaro-ն:

Կրակը մարելու համար հարկավոր էր կանչել մի քանի մարտական հաշվարկ (ավելի քան 20 մարդ):

«Վտանգը մեր դռան առջև է, չնայած մեր տարիքին և որոշ գաղտնիքների իմացությանը, մենք ուժեղ չենք: Մենք ընդամենը մի բուռ մարդ ենք, հետապնդված, վախեցած, բայց կհաղթենք՝ հաղթահարելով մեր թուլությունը։ IPhone-ը երբեք չի ուրախացնի մարդկությանը»,- ասում են ակտիվիստները:

Հետաքրքիր է, որ այրված սարքավորումները չեն օգտագործվել 5G ցանցը պահպանելու համար, ուստի ակտիվիստների բոլոր «ջանքերը», փաստորեն, ապարդյուն էին:

Նշենք, որ 5G ցանցերի դեմ ակտիվիստները գործում են աշխարհի տարբեր կետերում։ Նրանք համոզված են, որ կապի նոր եղանակը զգալիորեն վնասում է մարդկանց առողջությանը, ինչպես նաև տարածում է կորոնավիրուս։ Թեման այնքան է քննարկվել, որ 5G-ի ու կորոնավիրուսի հետ կապված անցկացվել են նաև հետազոտություններ։ Deloitte-ի հետազոտությունը նշել է, որ հինգերորդ սերնդի անլար կապը (5G-5-րդ սերունդ) հիմնված է տվյալների փոխանցման վրա' օգտագործելով էլեկտրամագնիսական ալիքներ: Նույնը, ինչ շարժական մյուս ցանցերում' 2G, 3G, 4G, հեռուստատեսություն և GPS:

Միակ տարբերությունը. 5G-ն օգտագործում է ավելի մեծ հաճախականության ալիքներ, քան նախորդ սերունդների բջջային ցանցերը' 6-ից մինչև 100 ԳՀց: Սա թույլ է տալիս բարձրացնել փոխանցման արագությունը, տեղեկատվության քանակը և ցանցին միացված սարքերի քանակը: Այնուամենայնիվ, վիրուսի տարածման տեսակետից հաճախականությունների նուրբ տարբերությունը բացարձակապես կարևոր չէ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հիշեցնում է, որ վիրուսները հնարավոր չէ փոխանցել էլեկտրամագնիսական ճառագայթման միջոցով: Եվ սա վերաբերում է բոլոր վիրուսներին, և ոչ միայն՝ 2020 թվականին հայտնված նոր վիրուսին։

Խոսելով, մասնավորապես, SARS-CoV-2-ի մասին՝ պետք է նշենք, որ այն ունի տարածման երկու ուղի.

Օդային-կաթիլային – վարակված անձի թքի ամենափոքր կաթիլներով;

Կոնտակտային – մարդիկ առաջին հերթին դիպչում են վիրուսով աղտոտված մակերեսին, իսկ հետո՝ քթին, աչքերին կամ բերանին,

Էլեկտրամագնիսական ալիքները չեն կարողանում փոխանցել կորոնավիրուսը: Ֆիզիկապես դա անհնար է:

5G ցանցերի մասին այլ միֆերին կարող եք ծանոթանալ 168.am-ի անդրադարձում։