Ինչպես գիտենք՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է արտահերթ ընտրություններին ընդառաջ փոփոխությունների ենթարկել գործող ընտրական օրենսգիրքը: Սակայն, նայելով թե հատկապես ինչ փոփոխություններ են դրանք՝ պարզ է դառնում, թե ինչի համար են վերը նշված փոփոխություններն արվում:

Օրինակ՝ Փաշինյանը ցանկանում է վերացնել ռեյտինգային ընտրակարգը և անցնել համամասնականի: Հասկանալի է, որ սա արվում է այն պարզ պատճառով, որ Փաշինյանի թիմում չկան այնպիսի դեմքեր, որոնք կունենա բարձր ռեյտինգ և կկարողանան ձայն հավաքել, իսկ անել դա' երդվելով Փաշինյանի անունով, ինչպես երկու տարի առաջ էր, այլևս չի ստացվի: Սյունիքի ցանկացած գյուղապետ այսօր ավելի շատ ձայն կհավաքի ընտրություններին, քան Փաշինյանի մարզպետները: Այդ պատճառով էլ վարչապետը որոշել է գնալ նման փոփոխությունների՝ ոչ լավ օրից' ինչպես ասում են:

Որոշել են նվազեցնել նաև կուսակցությունների համար անցողիկ շեմը՝ 5-ից դարձնելով 4 տոկոս: Փաշինյանը իր շուրջ է համախմբում մարդ-կուսակցությունների և նրան հարկավոր է, որպեսզի այդ սատելիտ քաղաքական ուժերի ԱԺ-ում հայտնվելը դառնա քիչ թե շատ հնարավոր: Մյուս կողմից բարդացվում է դաշինքների գործը, սա էլ արվում է, որպեսզի ընդդիմադիր դաշտը միավորվելուց առաջ մտապահի՝ շեմը բարձր է լինելու, անցնելու հավանականությունը՝ փոքր:

Ինչպես տեսնում ենք՝ Փաշինյանը որոշել է գնալ Սերժ Սարգսյանի հետքերով և իր հագով ոչ միայն Սահմանադրություն, այլ նաև նոր ընտրական օրենսգիրք կարել...