Փետրվարի 15-ին սկսվում է Մեծ Պահքի շրջանը: 48 օր հետո Սբ. Զատկի նավակատիքն է, իսկ ապրիլի 4-ին եկեղեցին կնշի Հարության տոնը:

Մեծ Պահքի շրջանը նախորդում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնին և տևում է 48 օր։ Այս տարի Մեծ Պահքը սկսվում է փետրվարի 15-ին:

Մեծ Պահքն ունի 7 կիրակի, յոթ հիշարժան օրեր. Բուն բարեկենդան, Արտաքսում, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդ: Պահքի շրջանում օգտագործում է բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք: Պահքի ընթացքում հրաժարվում են որոշակի կերակուրներից, նաև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից:

Մեծ պահքի ընթացքում սովորաբար պսակադրություն չի կատարվում։ Սակայն հաշվի առնելով մարդկանց անտեղյակությունը և այն, որ շատերն առանց իմանալու նախապատրաստվում են պսակադրությանն ու հնարավոր չէ տեղափոխել պսակի օրը, եկեղեցին ընդառաջում է և կատարում է պսակը՝ նախընտրելով օրհնել զույգերին և բացառել առանց օրհնության ընտանիք կազմելու հանգամանքը: Իրականում սխալ է պահքի ժամանակ պսակվել, սակայն այս հարցում եկեղեցին առաջնորդվում է ոչ թե եկեղեցական կանոնների հրամայականով, այլ՝ հովվական խնամքի: