ԳԱԼԱ-ի լրագրողը Վահրամաբերդ համայնքից փոխանցեց, որ քիչ առաջ երեխաների դիերը տեղափոխել են դեպքի վայրից:

Նրանք նույն համայնքի բնակիչներ են: Հիշեցնենք, որ այսօր, 12:40-ի սահմաններում ոստիկանության Շիրակի մարզային վարչության Ախուրյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Հովհանի և Վահրամաբերդ գյուղերի միջև ընկած տարածքում՝ ռուսական զորքերի տանկային հրաձգարանի տարածքում, մահացած երեխաներ կան:

Օպերատիվ-քննչական խումբը նշված հատվածում հայտնաբերել է Վահրամաբերդ գյուղի բնակիչներ 15-ամյա Մուշեղ Գևորգյանի և 12-ամյա Արթուր Մկրտչյանի դիերը:

Պարզվել է , որ երեխաները ոչխարի հոտը արածացնելուց են եղել, երբ տանկային հրաձգարանի տարածքում պայթուցիկ զինամթերք են հայտնաբերել, ինչից հետո առաջացել է պայթյուն:

Նշված տարածքը 45 տարով վարձակալական հիմունքներով տրամադրվել է ՌԴ զինված ուժերին:

Երեխաներն ապրել են սոցիալապես ծանր պայմաններում: Գտնելով զինամթերքը՝ ենթադրել են, թե գտնված իրերը այլումինից են: Փորձել են դրանք փոքրացնել՝ հանձնելու նպատակով: Քանի որ երկու տղաներն էլ իրար կողք են եղել, երկուսն էլ պայթյունի հետեւանքով անմիջապես մահացել են: Տղաներից մեկի հայրը, ով այդ պահին եղել է դեպքի վայրում, չի տուժել:

Հերմինե Մկրտչյան