Եվ ահա պարզ դարձավ, որ ՄՀՀ-ում ապրիլի 9-ին կայանալիք Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունն իր մասնակցությամբ կպատվի նաև պերսոնա նոն գրատա Ռոբերտ Քոչարյանը: Սա որպես ստրատեգիական քայլ կանխատեսելի էր, համենայն դեպս, միայն Ռոբերտ Քոչարյանի՝ վերջին հատվածում տված և, ամենայն հավանականությամբ, միակ հարցազրույցից.

Իշխանության պայքարը 2 ղարաբաղցիների, երկու վաղեմի գործընկերների միջև ինձ համար անընդունելի էր. այն բարդ ընտրության իրավիճակ կստեղծեր շատերի համար ու կդառնար տարատեսակ շահարկումների առարկա: Բացի այդ, ինքս եմ ժամանակին առաջարկել գործող նախագահին որպես հաջորդողի, և վերընտրվելու նրա ցանկությունը հասկանալի է:

Այս տողերից հետո, իհարկե, որոշակի առումով ներքաղաքական շղարշը, թվում է, բացված է, սակայն իրականում այս ինագուրացիային մասնակցելով լուծվում է միանգամից մի քանի հարց, որոնք այսօր հիմնարար են դարձել Երևանի ավագանու ընտրությունների՝ որպես առանցք ընդունելու դեպքում:

Այսօր այն մթնոլորտը, որը ստեղծվել է ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև, բավականին բարդ է և սպառնում է լինել նաև վտանգավոր Երևան քաղաքի, ու մասնավորապես՝ քաղաքացիների համար: Այն հեռահար լեզվակռիվը, որ գնում է ՀՀԿ և ԲՀԿ՝ հիմնականում վիրտուալ պայքարի սիրահար գործիչների միջև, արդեն իսկ իր արձագանքն է գտել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մոտ, ով երեկ կայացած ԲՀԿ ակտիվի հավաքում նշել է, որ ԲՀԿ-ականին նեղացնողը կամ վիրավորողը իր հետ է գործ ունենալու. սա, իհարկե, մեծ մասամբ չի վերաբերվում սոցիալական ցանցերով տարված գործիչներին, այստեղ խոսքը այլ կալիբրի քաղաքական գործիչների մասին է, որպես օրինակ Ծառուկյանը կարող էր ի նկատի ունենալ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանին, ով Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ կարծիք արտահայտելիս նաև խոսել էր ԲՀԿ-ականներից, մասնավորապես՝ Օսկանյանից՝ «Օսկանյանին բերես բաց թողես Սովետաշեն, իր տան տեղը չի կարողանա գտնի»: Ահա թե ինչպիսի հարցեր կան Երևանում օդից կախված, որի լուծումներն այժմ փնտրում են արդեն քաղաքական էլիտայի վերին օղակներում:

Ահա այն հարցերից մեկը, որը այս այցով պատրաստվում է լուծել ստեղծված բարդ իրավիճակը Ռոբերտ Քոչարյանը, ինչի շնորհիվ արդեն իսկ որոշակի պատասխաններ կտրվեն այն հարցին, թե Գագիկ Ծառուկյանը վերջապես պատրաստ է մասնակցել Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը, թե՝ ոչ:

Ռոբերտ Քոչարյանի այս քայլը թույլ է տալիս ԲՀԿ-ին, մասնավորապես՝ Գագիկ Ծառուկյանին, աշխատել անկաշկանդ երևանյան ընտրություններում։ Այս ռազմավարական քայլից հետո ԲՀԿ-ին մնում է ռեալիզացնել այն նպատակներն ու պահել այն նշաձողերը, որոնք որդեգրել է, ու որոնց համար, ըստ նախնական հայտարարությունների, չի խնայելու ոչինչ:

Այսպիսով՝ այն կենցաղայնության մոտեցումը, որն ունի ՀՀԿ-ն, ԲՀԿ-ի մոտ բացակայությունն ի սկզբանե թույլ չտվեց բավարարվել պայքարի այդ կոնտեքստում նրանց տրված տարածքից, արդյունքում՝ այսօր այն վերաճել ու գնալով ավելի ու ավելի է վերաճում ներքաղաքական սուր պայքարի, որն էլ կարող է ունենալ հետևանքներ՝ բնորոշ մեր ընտրական պայքարին, և որը հակասում է ժողովրդավարության ինստիտուտների կայացման հիմնարար սկզբունքներին, այսպիսով՝ Հայաստանն ու Երևանն ավելի թաղելով հակաժողովրդավարական աղբում:

Գևորգ Ավետիսյան