Կարմիր շուկայում այսօր առավոտյան մեկ ժամ շարունակ կրակոցներ են լսվել, բայց ոչ թիրախավորված: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, հավելելով, որ երեկ երեկոյան ադրբեջանցիները կրակել են նաև Շուշիից:

«Բնակիչների խոսքով՝ կրակոցի ձայները շատ պարզ են լսվել, սակայն դրանք թիրախավորված չեն եղել: Եթե օդային սահմանը նայենք, ապա ամենաշատը 100 մետր հեռավորության վրա ենք գտնվում ադրբեջանցիներից, դրա համար էլ տենց պարզ լսվում են կրակոցի ձայները»,-ասաց Մետաքսե Հակոբյանը:

Մեր այն հարցին, թե Ադրբեջանի կողմից պարբերաբար հնչող կրակոցը արդյոք խուճապ չի առաջացնում բնակչության շրջանում, պատգամավորը պատասխանեց, որ նրանց նպատակը հենց խուճապ տարածելն է. «Բնակչության մոտ արդեն սովորական է դարձել դա, բայց երեկ Ադրբեջանի մոտ ստացվեց խուճապ տարածելը: Կարմիր շուկայի ժողովրդի շրջանում լուրեր էին տարածել, թե իբր ադրբեջանցիներ են մտել գյուղ, բայց հետո պարզ դարձավ, որ նման բան չկա»,-ասաց Արցախի ԱԺ պատգամավորը: