Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին բանտից կոչ է ուղղել իր կողմնակիցներին՝ Վրաստանի գործող իշխանությունների դեմ պայքարել հայկական սցենարով, գրում է «Ինտերֆաքսը»։

«Մենք հաղթեցինք այս ընտրություններում, բայց (...) վրացական իշխանությունները մեր ձեռքից խլեցին այս հաղթանակը։ Ի՞նչ անենք ․ ստիպեք նրանց վճարել այն գինը, որն իշխանությունները պետք է վճարեն ընտրությունները կեղծելու համար։ Այդպես արվել է հարևան Հայաստանում։ Այնտեղ Փաշինյանը կռվեց չորս անգամ ավելի խոշոր օլիգարխի հետ, քան Իվանիշվիլին է, բայց հայ ժողովուրդը, այնուամենայնիվ, հաղթեց»,- ասել է Սահակաշվիլին իր ուղերձում, որը հրապարակել է նրա փաստաբան Նիկա Գվարամիան։

Նախկին նախագահը գրել է, որ «կեղծված ընտրություններից» հետո Վրաստանում իրադարձությունները պետք է ընթանան հայկական սցենարով, որտեղ ժողովուրդը այն ժամանակվա իշխանություններին ստիպեց հեռանալ և նոր ընտրություններ նշանակել։

«Մենք ժամանակ չունենք, մենք պետք է գործենք ամեն տեղ և մեծ թվով լինենք։ Իհարկե, զուգահեռաբար ընտրությունների արդյունքները պետք է վիճարկենք ընտրական հանձնաժողովներում և ԿԸՀ-ում։ Այժմ մենք լիարժեք լեգիտիմություն ունենք՝ փողոցներում ակցիաներ անցկացնելու և բռնությանը դիմակայելու համար»,- ասել է Սաակաշվիլին։

Վրաստանի նախկին նախագահ, այժմ՝ Ուկրաինայի քաղաքացի Միխայիլ Սահակաշվիլին Վրաստան գաղտնի ժամանել է սեպտեմբերի 29-ին։ Հոկտեմբերի 1-ին նա բերման է ենթարկվել Թբիլիսիում։ Սահակաշվիլին այժմ Ռուսթավի քաղաքի բանտում է։