Վաղը Երևանի ավագանին քննարկելու է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցը: Շատերի կարծիքով՝ ՔՊ-ականներին կհաջողվի հեռացնել Մարությանին և նրա փոխարեն քաղաքապետի ԺՊ կարգել Հրաչյա Սարգսյանին՝ մինչ արտահերթ ընտրություններ:

Սակայն, Մարությանին հեռացնելու «օպերացիայի» մեջ ևս մեկ ուշագրավ հանգամանք կա: Գաղտնիք չէ, որ 2018-ից ի վեր Երևանի քաղաքապետարանում Հայկ Մարությանի թեթև ձեռքով բավականին բարձր պաշտոններ են ստացել վերջինիս մտերիմները, մանկության ընկերները, մարդիկ որոնց հետ Մարությանը համագործակցել է շոու-բիզնեսում՝ համատեղ պրոյեկտներում:

Դիցուք՝ Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը քաղաքապետ Մարությանի մտերիմ ընկերն է, բացի դրանից՝ հանրահայտ «Սուպեր մամա-2» ֆիլմի պրոդյուսերը։ Նա ավագանու անդամ է դարձել «Իմ քայլի» ցուցակով, իսկ փոխքաղաքապետի պաշտոնին նշանակվելուց Հարությունյանի լոբբինգն անում էր անձամբ Մարությանը:

2020թ. սեպտեմբերի 8-ին Երևանի ավագանու նիստում նշանակված' ֆինանսական գծով փոխքաղաքապետ Սերգեյ Ներսիսյանն էլ վարել է Մարությանի ստուդիայի հաշվապահական հաշվառումը։ ԱԺ մշտական հանձնաժողովներում 2022թ․-ի պետբյուջեի նախնական քննարկումների ժամանակ որպես զեկուցող պետք է ներկայանար Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, սակայն վերջինիս փոխարեն և վերջինիս թիկունքը պահելու եկել էր հենց Սերգեյ Ներսիսյանը։

Շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանն էլ, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, Մարությանի՝ Հյուսիսային պողոտայում գտնվող բնակարանի վերանորոգման աշխատանքների ղեկավարն է եղել։ Հարությունյանն, ի դեպ, լրատվամիջոցների հետ զրույցում չէր հերքել այդ տեղեկությունը' հավելելով, որ քաղաքապետարանում աշխատանքի է անցել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից, որտեղ մինչ այդ աշխատել է որպես հիմնական միջոցների շինարարության, վերանորոգման և վերակառուցման կազմակերպման գլխավոր մասնագետ: Ըստ էության, նրան էլ է քաղաքապետարանում աշխատանքի դասավորել հենց Հայկ Մարությանը:

Քաղաքապետի խորհրդական, Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնակատար Դավիթ Ճգնավորյանն էլ է քաղաքապետի ընկերը։

Մարությանի ընկերներ Աշոտ Մելոյանն ու Հովհաննես Գրիգորյանը, ովքեր Մարությանի հետ միասին նկարահանվում էին «Կարգին հաղորդման» մեջ, դեռևս 2019-ին են աշխատանքի անցել «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ում։

Մարությանի մանկության ընկերներից Նիկոլայ Սարիբեկյանն էլ նշանակվել էր Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնում։

Քաղաքապետարանի լրատվական ծառայության պետ Հովսեփ Կուբատյանը, ով Մարությանի մտերիմներից է և քաղաքապետարանում աշխատանքի է անցել հենց վերջինիս օգնությամբ, ավելի հեռուն է գնացել և նույնիսկ կնոջն է աշխատանքի տեղավորել «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ում՝ որպես իրավաբան:

Վերը նշված անձինք երբեք չեն հերքել իրենց գործընկերային, ընկերական կապը Հայկ Մարությանի հետ: Չի հերքել այդ ընկերական կապը նաև Մարությանը: Եվ այսօր, երբ Մարությանի գլխին սև ամպեր են կուտակվել, իսկ նրա պաշտոնից հեռանալը ընդամենը ժամերի հարց է՝ հետաքրքիր է, թե ինչ պահվածք կորդեգրեն Մարությանի հետ ճանապարհ անցած, ըստ էության, նրա միջոցով պաշտոններ ստացած անձինք: Նրանք կմնա՞ն «Կարգին Հայկոյի» կողքին և որպես «կարգին» ընկերներ կգրե՞ն իրենց հրաժարականների դիմումները, թե՞ կնախընտրեն պահպանել Մարությանի միջոցով ձեռքբերված պաշտոնները՝ աչք փակելով երբեմնի գործընկերային և ընկերական հարաբերությունների վրա, եթե, իհարկե, ՔՊ-ականները հաջորդիվ չանցնեն Մարությանի կադրերին:

Առաջին քայլն արված է. մամուլում տեղեկություն է հայտնվել, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Կհետևե՞ն Մարությանի մյուս կադրերը նրա օրինակին, թե իշխանությունն ամեն դեպքում շատ քաղցր բան է՝ պարզ կլինի մոտ օրերս...