ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի միջև նոր առանձնազրույցի շուրջ պայմանավորվածություններ չկան, սակայն առաջնորդները պատրաստ են անհրաժեշտության դեպքում զանգահարել միմյանց, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Անվտանգության երաշխիքների վերաբերյալ ռուս-ամերիկյան բանակցությունները սկսվել են երկուշաբթի առավոտյան՝ Ժնևում։ Հանդիպումն անցկացվում է փակ ձևաչափով՝ Ժնևում՝ ՄԱԿ-ի գրասենյակում ԱՄՆ մշտական ներկայացուցչության տարածքում։ Ակնկալվում է, որ խորհրդակցությունների կենտրոնական հարցը կլինի ԱՄՆ-ի հետ Ռուսաստանի համաձայնագրի նախագիծը անվտանգության երաշխիքների վերաբերյալ, որը ներառում է, մասնավորապես, դրույթներ միջին և փոքր հեռահարության հրթիռների փոխադարձ չտեղակայման, մերժման մասին:

«Այս պահին պայմանավորվածություններ չկան, բայց նոր տարվա նախաշեմին, մեր ունեցած վերջին հեռախոսազրույցի ժամանակ, նախագահները հաստատել են, որ պատրաստ են անհրաժեշտության դեպքում նորից զանգահարել միմյանց։ Հետո պարզ կլինի, թե ինչպես կարելի է հետագայում գնահատել իրավիճակը»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե մոտ ապագայում սպասվո՞ւմ է նոր խոսակցություն կամ հանդիպում նախագահներ Պուտինի և Բայդենի միջև՝ ժնևյան բանակցություններից հետո։