Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 27-ին կորոնավիրուսի թեստ է հանձնել: ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը նշեց, որ թեստի պատասխանը բացասական է:

«Արցախի հանրապետությունում կորոնավիրուսային համաճարակով պայմանվորված սահմանփակումներ կան: Բնականաբար, մասնագետների ցուցումները պահպանվել և պահպանվում են նաև Արցախի նախագահի կողմից: Նախագահ Հարությունյանը կորոնավիրուսի դեմ ամիսներ առաջ էր պատվաստվել: Իսկ այսօր հերթական անգամ թեստավորվել է: Պատասխանը բացասական է»,-ասաց Լուսինե Ավանեսյանը:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել էր հունվարի 24-ին: Այդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի էր ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Արցախում սոցիալական և ենթակառուցվածքային խնդիրների լուծմանը:

ՀՀ կառավարությունը հունվարի 26-ին տեղեկացրել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնել է կորոնավիրուսի թեստ, որի պատասխանը եղել է դրական: Վարչապետը սահմանված կարգով ինքնամեկուսացել է: Վարչապետ Փաշինյանը գործունեությունը կիրականացնի հեռավար:

Սոնա Հարությունյան