Մենք մոտեցել ենք վտանգի չափազանց բարձր աստիճան ունեցող մի կիզակետի, որի հատումն ուղղակիորեն սպառնում է ՀՀ իքնիշխանությանը, Արցախի Հանրապետության գոյությանը, վերջին հաշվով՝ մեր պետականությանը, Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար, արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը։

Այս հանգամանքի հետ, նրա խոսքով, հաշվի չեն նստում որոշ քաղաքացիներ, ոմանք էլ հասկանում ես, սակայն հուսահատված են կամ անտարբեր, այնինչ վտանգի դեմն առնելու հրամակայանը կենսական նշանակություն ունի։ Բաց են թողնված նաև այն հնարավորությունները, որոնք հետպատերազմյան շրջանում ուներ դիվանագիտությունը։

«Որևէ գաղտնիք բացած չեմ լինի, եթե ասեմ, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո դիվանագիտական աշխատանքի համար բացվել էր շատ լայն դաշտ։ Նույնիսկ այդ դժվարին պայմաններում կային թեկուզ քիչ, բայց բավականին ծանրակշիռ հնարավորություններ՝ իրավիճակը որոշակիորեն շտկելու, հետագա անդառնալի կորուստներից խուսափելու համար։ Պարզապես հարկավոր էր ականջալուր լինել մասնագիտական կարծիքին, հետևողական աշխատանք տանել մեր ռազմավարական դաշնակցի և միջազգային մյուս բոլոր գործընկերների հետ՝ մեզ համար օգուտներ քաղելու ու նաև ճիշտ դիրքավորվելու համար»,- ասաց Վահագն Մելիքյանը։

Դրա փոխարեն, նրա խոսքով, իշխանությունների կողմից անհեթեթ ու անհիմն դիրքորոշումներ ու հայտարարություններ հնչեցին, ապա բացվեց «ազատ գործելու» ճանապարհը, ինչի հետևանքներն զգում են բոլորը՝ մինչ օրս։