Անշուշտ, չէինք սպասում, որ Արցախը նման ճակատագրի կարժանանա․ 30 տարի ունենալ այդպիսի հարստություն, տարածքներ, նվաճումներ և կորցնել այդ ամենը՝ չափազանց ցավալի է։

ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց «Հայ-արաբական իրավական խորհուրդի» հիմնադիր, ընդհանուր քարտուղար Վահե Մաշիկյանը (Սիրիա):

«Հայրենիք կորցնելուց, 11 հզր քմ տարածք կորցնելուց զատ, ցավալի է նաև, թե նյութական, ֆինանսական ինչպիսի ահռելի կորուստ ունեցանք, չէ՞ որ ամեն ինչ արվում էր հանուն Արցախի, համահայկական դրամահավաքներ և այլն՝ քաղաքների, բնակավայրերի կառուցման, շենացման, հայերով բնակեցման, ճանապարհների բարեկարգման և տարբեր կարևոր նպատակներով»,-նշեց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով, Արցախի մասին խոսելիս, զգացական կողմից բացի, պետք է նկատի առնել նաև տնտեսական կողմը, որովհետև, ըստ Մաշիկյանի, հայկական եզերքը՝ Արցախը կորցնելով՝ Հայաստանը նաև ահռելի տնտեսական ռեսուրս կորցրեց։

«Սա դավադրություն է, անպայման դավադրություն է, նախապես մտածված, ծրագրված և նախապատրասված և Արցախը հանձնելու այս դավադիր ծրագիրը, կարծում եմ, արևմտյան ծրագիր է՝ ՀՀ իշխանությունների, ինչպես նաև մեծ Թուրանի երազանք ունեցող Թուրքիայի մասնակցությամբ»,-նշեց սիրիահայ գործիչը։

Նրա համոզմամբ, այս ամենում մեծ է նաև Ռուսաստանի դերակատարումը, մասնավորապես՝ բացթողումը, որովհետև, ըստ Վահե Մաշիկյանի, Մոսկվան ճիշտ չի վարվում իր ռազմավարական դաշնակից Հայաստանի նկատմամբ և իր շահերը հաճախ գերագնահատում է։

Կորցնելով Հայաստանին, Ռուսաստանը կորցնելու է նաև Սիրիան, ընդգծեց մեր զրուցակիցը։

Արա Ալոյան