Հայաստանյան պաշտոնյաների համար, կարծես թե, սովորական երևույթ է դարձել հակասել միմյանց, ավելին՝ հակասել իրենց իսկ նախկինում արած հայտարարություններին, պնդումներին: Այդ պաշտոնյաների թվին է դասվում նաև ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը, ով վերջին շրջանում աչքի է ընկնում ոչ միայն գործընկերներին, այլ նաև ինքն իրեն հակասելով:

Դիցուք՝ Քրիստիննե Գրիգորյանը մայիսի 3-ին մամուլի ասուլիսին անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյանը ուղեկցող ճանապարհային ոստիկանության մեքենայի կողմից հղի կնոջը վրաերթի ենթարկելու դեպքին։ Թեմայի վերաբերյալ «պարզաբանումներով» հանդես էր գալիս վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը, որը ապրիլի 27-ին ֆեյսբուքյան իր էջում պնդել էր, թե երկրների ղեկավարների շարասյանը ուղեկցող մեքենաները վրաերթի դեպքում իրավունք չունեն կանգ առնելու չնախատեսված տեղում։ Չախոյանի այս պնդումները մայիսի 3-ին փաստացի հերքել էր ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը՝ պնդելով, որ որևէ արարողակարգ և կանոն նման բան չեն սահմանում։ «…Կոնկրետ դեպքում ցավալի է տեսնել, որ ուղեկցող ծառայությունը ուղղակիորեն չի կանգնում, երբ նման դեպք է տեղի ունենում: Սա որևէ արարողակարգով կամ կանոնով կարգավորված չէ: Առնվազն մինիմալ հումանիզմ է, որ առաջին հերթին պետք է օգնություն ցույց տալ և հնարավորության դեպքում կնոջ ու երեխայի կյանքը փրկել»,- ասել էր Գրիգորյանը

Սա էլ դեռ բավարար չէր՝ Քրիստինե Գրիգորյանն ու պաշտպանության նախարարությունը հերքում են միմյանց եւ հակասող հայտարարություններ տարածում: Բանն այն է, որ ՄԻՊ-ը հաստատել էր, որ ադրբեջանցի զինվորականները տեղակայվել են Ներքին Հանդի հարակից տարածքում: ՊՆ-ն, ըստ էության, ընդունում է տարածքի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելը, բայց ոչ թե այս տարվա մարտից, այլ նախորդ տարվա գարնանից: Բացի այդ, ՄԻՊ-ը շեշտում էր՝ անասնապահությամբ ու գյուղատնտեսությամբ զբաղվող բնակիչների համար այս իրավիճակը լրջագույն դժվարություններ է ստեղծել իրենց ապրուստը հոգալու առումով։ ՊՆ-ն հակառակն էր պնդում՝ հիմնավորելով, որ ադրբեջանցիները չեն կարող դիտարկել Ներքին Հանդը, քանի որ նրանց դիրքերը 2 կիլոմետր հեռու են, բացի այդ, գյուղի եւ նրանց միջեւ մի քանի բարձունք կա։

2019-ին ՀՀ արդարադատության նախարարությունը «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիա»-ի (Ստամբուլի կոնվենցիա) հարցով դիմել էր Վենետիկի հանձնաժողովին' խորհրդատվական կարծիք ստանալու համար: Պատճառն էլ այն էր, որ ըստ նախարարության՝ այդ կոնվենցիան կարող է հակասել հայկական ավանդական ընտանիքի կոնցեպտին։ Հիշեցնենք, որ այն ժամանակ փոխնախարար էր հենց Քրիստինե Գրիգորյանը: Զբաղեցնելով ՄԻՊ պաշտոնը՝ սակայն Գրիգորյանը, կարծես, մոռացել է հայկական ավանդական ընտանիքի կոնցեպը։ Այժմ Գրիգորյանը զբաղված է ԼԳԲՏ համայնքի համար գրասենյակների բացմանը մասնակցելով: