Airbus A330 ինքնաթիռը բախվել է լույսի աշտարակին Բրազիլիայի մայրաքաղաքի Presidente Juscelino Kubitschek միջազգային օդանավակայանում: Ուղևորներից և սպասարկող անձնակազմից ոչ ոք չի տուժել:

Ըստ նախնական տվյալների՝ Airbus-ը, որի մեջ կարող էին գտնվել 260 մարդ, վայրէջքից անմիջապես հետո ձախ թևով խփել է լույսի աշտարակին: Ինքնաթիռը պատկանում էր պորտուգալական ավիաընկերությանը և իրականացնում էր Լիսաբոն-Բրազիլիա չվերթը: Օդանավակայանի լրատվական ծառայությունից հաղորդում են, որ դիսպետչերը հրահանգ է տվել թեքվել դեպի ձախակողմյան այլընտրանքային վազքուղի, որից հետո տեղի է ունեցել բախումը: Իր հերթին պորտուգալական ավիաընկերությունից հաղորդում են, որ օդաչուն անշեղորեն կատարել է դիսպետչերի հրահանգները:

Բրազիլիայի ավիացիոն դեպքերի նախազգուշացումների կենտրոնի մասնագետները սկսել են պատահարի պատճառների ուսումնասիրություն:

Այն ուղևորները, ովքեր այս չվերթով մեկնելու էին Լիսաբոն, ժամանակավորապես տեղավորվել են հյուրանոցում:

Հասմիկ Մանուկյան