ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024-ի առաջնության որակավորման փուլի՝ սեպտեմբերի 11-ին Երևանում կայանալիք Հայաստան-Խորվաթիա հանդիպման բոլոր տոմսերի վաճառքը գրեթե վերսկսելուն պես սպառվել են: Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին ասացին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից՝ տոմսերի վաճառքը խաղից մոտ 3 ամիս առաջ սկսելը նորմալ պրակտիկա է ամբողջ աշխարհում:

Այն, որ տոմսերը շատ արագ սպառվել են զարմանալի չէ, սակայն, հետաքրքրականն այն է, որ սովորաբար երկրպագուների կողմից նմանատիպ հետաքրքրություն վայելող խաղերի տոմսերը սկսում են վերավաճառել հանդիպումից ընդամենը օրեր առաջ, այն էլ՝ մի քանի անգամ ավելի թանկ արժեքով:

«Ցավոք, վերավաճառքի երևույթն առկա է աշխարհի գրեթե բոլոր երկրներում»,- պնդեցին ՀՖՖ-ից:

Իսկ թե ինչ է անում ֆեդերացիան նմանատիպ երևույթները բացառելու համար՝ պատասխանեցին. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պարտաստ է իր իրավասության սահմաններում նպաստել նմանատիպ գործունեության կանխմանը, սակայն դրա վերահսկողությունն ամբողջությամբ իրավապահ մարմինների գործունեության տիրույթում է»:

Ստացվում է՝ Հայաստանի նման աղքատ երկրում, որտեղ հայ երկրպագուն իր եկամտից որոշակի գումար է հատկացնում իր երկրի հավաքականի խաղին ներկա գտնվելու և ոգևորելու համար, ժամանակին տոմս գնել չհասցնելու դեպքում ստիպված է լինում մի քանի անգամ ավելի թանկ վճարել: Սահմանափակումը, ըստ որի՝ տոմսերը հնարավոր է գնել միայն անձնագրային նույնականացում անցնելուց հետո և մեկ անձը կարող է գնել ոչ ավել, քան 5 տոմս, կարծես թե չի փրկում իրավիճակը:

Հետևաբար, հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը, քանի որ ՀՖՖ-ն անզոր է խնդրի լուծմանը, պետք է գործեն իրավապահները: