Մահապատժի արգելքը' առանց սահմանափակումների, ամրագրված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ: Հայաստանը հանձն է առել վերացնել մահապատիժը թե՛ համընդհանուր, թե՛ տարածաշրջանային միջազգային գործիքների միջոցով: 2003 թվականին Հայաստանը վավերացրել է «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 6-րդ արձանագրությունը, համաձայն որի՝ մահապատժի վերացումն արդեն իսկ սահմանափակված է, սակայն այն չի բացառում մահապատիժը պատերազմի ժամանակ կամ պատերազմի անմիջական վտանգի պայմաններում կատարված արարքների համար:

Այս ենթատեքստում 13-րդ արձանագրությունը դիտվում է որպես վերջնական քայլ՝ ուղղված բոլոր դեպքերում մահապատժի վերացմանը: Հայաստանի կողմից արձանագրության վավերացումը միջազգային մակարդակով կգնահատվի որպես կարեւորագույն դրական առաջընթաց՝ ամրապնդելով Հայաստանի վարկանիշը՝ որպես իր պարտավորությունները հարգող միջազգային անդամ պետություն: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը՝ ներկայացնելով ««Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին, կոնվենցիային կից՝ «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից։

Հարցը քննարկվել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 4-ի նիստում: Արձանագրությունը ստորագրվել է 2002 թվականի մայիսի 3-ին:

Արձանագրության վավերացումը համահունչ է Հայաստանի՝ որպես մահապատժի ամբողջական վերացման կողմնակից պետության դիրքորոշմանը, սակայն շարունակում է մնալ Հայաստանի կողմից դեռեւս չկատարված կարեւորագույն միջազգային հանձնառություններից մեկը:

Այս պահի դրությամբ արձանագրությունը ստորագրել է 46 պետություն, որն ուժի մեջ է մտել 44 պետության համար: Հայաստանը մինչ այժմ չէր վավերացրել արձանագրությունը: Երկրորդ երկիրը, որ դեռեւս չի վավերացրել այն, Ադրբեջանն է: Արձանագրության վավերացման հարցը պարբերաբար դրվում է ինչպես Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի, այնպես էլ՝ ԵԽԽՎ օրակարգերում:

«Հայաստան» խմբակցություն քարտուղար Արծվիկ Մինասյանը հետաքրքրվել է, թե ինչու մինչ այժմ այս հարցը չի քննարկվել: Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, որ 2007 թվականին գործընթացը մեկ անգամ մեկնարկել է, նախագիծը ներկայացվել է ՍԴ եւ գնահատվել է Սահմանադրությանը համապատասխանող: Սակայն գործընթացն ինչ-ինչ պատճառներով կանգ է առել:

Հարակից զեկուցող, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ, ընդհանրապես, անկախ ՀՀ-ի պատմության ընթացքում մահապատժի ի կատար ածման տեխնիկական հնարավորություններ չեն եղել, եւ մահապատիժը ՀՀ-ում երբեք ի կատար չի ածվել: Անդրադառնալով այսպես կոչված արտադատական մահապատիժներին՝ նա նշել է. «Մենք, ցավոք, բախվել ենք նման դեպքերի թե՛ 44-օրյա պատերազմի ընթացքում, թե՛ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ կատարված ագրեսիայի շրջանակում, երբ անձինք, ըստ էության, գնդակահարվել են առանց համապատասխան դատական ընթացակարգերի: Սա դիտարկվել է, դիտարկվում է եւ դիտարկվելու է որպես միջազգային հանցագործություն: Այս ընթացակարգը, որպես այդպիսին, արգելված է, եւ մեր հարեւանները պետք է հստակ հասկանան, որ այս կարգի գործողությունները դիտարկվում են որպես ռազմական հանցագործություններ»,- Վլադիմիր Վարդանյանը կոչ է արել կողմ քվեարկել նախագծին:

«Կարեւոր է այս հարցի քննարկման շրջանակում գտնել մի մեխանիզմ՝ եւս մեկ անգամ բարձրաձայնելու Ադրբեջանի կողմից մարդկության դեմ ուղղված հանցագործությունների մասին»,- ասել է հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանը:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ըստ հիմնական զեկուցող ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանի՝ նախագծի ընդունմամբ նախատեսվում է ապահովել բժշկական զննության իրականացումը նաեւ պաշտոնավարող դատավորների համար: Նշվել է, որ բժշկական զննության կազմակերպման գործընթացում կբացառվի Առողջապահության նախարարության ներգրավումը:

Քննարկված նախագծերը ստացել են դրական եզրակացություն: