Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 20-ին տեղեկացրել էր, որ հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել Արարատի մարզում օգտակար հանածոյի արդյունահանմամբ զբաղվող երեք ընկերությունների տնօրենների նկատմամբ՝ ընդերքի պահպանման և օգտագործման օրենսդրական պահանջները խախտելու, հողը փչացնելու համար, որի արդյունքում պետությանը պատճառվել է խոշոր գույքային և այլ էական վնաս:

Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 31-ին հաստատել է «Սարգիս և Պապ» ՍՊ ընկերության տնօրեն Ս.Ղ.-ի և «Սերտիգ» ՍՊ ընկերության տնօրեն Ս.Ա.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունները և վարույթի նյութերի հետ հանձնել Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

Ս.Ղ.-ն և Ս.Ա.-ն, 2023 թվականի նոյեմբերի 2-ին և 3-ին' մինչև նախնական դատալսումները, ամբողջությամբ վերականգնել են ընկերությունների գործունեության հետևանքով պետությանը պատճառված վնասը: Մասնավորապես՝ «Սարգիս և Պապ» ՍՊ ընկերությունը վերականգնել է 5 մլն 126 հազար դրամ վնասը (Ս.Ղ.-ի կողմից վճարվել է նաև գանձման ենթակա 5 մլն դրամ տուգանքը), իսկ «Սերտիգ» ՍՊ ընկերությունը վերականգնել է 4 մլն 892 հազար դրամ վնասը (Ս.Ա.-ի կողմից վճարվել է նաև գանձման ենթակա 5 մլն դրամ տուգանքը):