Նոյեմբերի 14-ին նշվում է Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրը:
Հայաստանում 2022թ. դրությամբ' բնակչության 15 և բարձր տարիքային խմբում գրանցվել է շաքարային դիաբետի 11 հազար 324 նոր դեպք: 2022 թվականին հիվանդության նոր դեպքերի թիվը գրեթե եռապատկվել է:
Շաքարային դիաբետի կանխարգելման ու վաղ հայտնաբերման նպատակով առողջապահության նախարարությունը լայնածավալ աշխատանք է կատարում: Բնակչության ռիսկային՝ 35-68 տարիքային խմբերում իրականացվում է դիաբետի ախտորոշման սքրինինգային ծրագիր' պետական աջակցությամբ:

Առողջության առաջնային պահպանման հաստատություն այցելելու դեպքում' շաքարային դիաբետով բոլոր պացիենտներին, անկախ բժշկական ցուցումներից, իրականացվում է ամսվա ընթացքում առնվազն մեկ արյան հետազոտություն' գլյուկոմետրիա (եթե պացիենտն ունի անձնական օգտագործման գլյուկոմետր, հիմք են ընդունվում նրա տվյալները), տարեկան մեկ անգամ սահմանված հետազոտությունները, այդ թվում' ակնահատակի զննում, էլեկտրասրտագրություն: Շաքարային դիաբետի բարդությունների կանխարգելման նպատակով շաքարային դիաբետով բոլոր պացիենտներին իրականացվում է տարեկան առնվազն մեկ խորհրդատվություն ոտքերի խնամքի վերաբերյալ, ինչպես նաև ստուգվում են ոտնաթաթերի անոթազարկերը:
Շաքարային դիաբետով պացիենտների դեղերը տրվում են անվճար' շուրջ 10 տեսակ: