ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը 2023 թվականի նոյեմբերի 14-ին Ժնևում հյուրընկալել էր «Արցախը՝ դեպի վերականգնում. Ադրբեջանին ենթարկել պատասխանատվության» խորագրով տեղեկատվական միջոցառումը (side event), որը կազմակերպվել էր Հայ օգնության միության (ՀՕՄ) կողմից՝ Ադրբեջանի «Համընդհանուր պարբերական դիտարկման» (UPR) գործընթացին զուգահեռ:

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից հայտնում են, որ միջոցառումը համախմբել էր տարբեր լսարանների, այդ թվում փորձագետների, պետական պատվիրակությունների, փաստաբանների և այլ շահագրգիռ կողմերի՝ անդրադառնալու մարդու իրավունքների այն խախտումներին և ցեղասպան գործողություններին, որոնք վերջին ամիսների ընթացքում իրականացվել են Ադրբեջանի կողմից՝ Արցախի, Հայաստանի և առհասարակ հայության դեմ՝ հանգեցրելով Արցախի ավելի քան 100․000 բնիկ հայ բնակչության տեղահանման, հումանիտար ճգնաժամի և Արցախի Հանրապետության ղեկավարության կալանավորման։ Քննարկման նպատակն էր բացահայտել Ադրբեջանի կողմից ձեռնարկված գործողությունների համար պատասխանատվության ենթարկման հնարավոր ուղիները:

Միջոցառման ընթացքում, ոլորտային բազմափորձ բանախոսները մանրամասն ներկայացրել են Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների զանգվածային խախտումները՝ տրամադրելով անհրաժեշտ փաստական տեղեկատվություն։ Մասնավորապես․

Արցախի Հանրապետության նախկին պետնախարար և մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը կիսվել է տեղահանության և տառապանքի անձնական ցավալի փորձով, ընդգծել պատերազմների և իննամսյա շրջափակման ու սովի հետևանքով արցախցիների ապրած դժվարությունները։ Նա ընդգծել է Ադրբեջանի կողմից կատարված հանցագործությունների համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու և Արցախի բնիկ հայ բնակչության իրավունքների վերականգնման կարևորությունը։

Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ, պրոֆեսոր Լուիս Մորենո Օկամպոն պնդել է' հայերի նկատմամբ Ադրբեջանի գործողությունները համապատասխանում են «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիայի 2Ա, 2Բ, 2Գ հոդվածի պահանջներին, և որ Ադրբեջանի իշխանությունները միտումնավոր չեն կանխել ցեղասպանությունը, որը պետության գլխավոր պարտականություններից է՝ համաձայն համապատասխան կոնվենցիայի: Նա նաև քննադատել է միջազգային հանրությանը ցեղասպանությունը չկանխելու և այն այն շարունակապես ժխտելու համար։

Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտի համահիմնադիր և իրավական հարցերով տնօրեն Իրեն Վիկտորիա Մասսիմինոն իր ելույթի ժամանակ ուշադրություն է հրավիրել Լեմկինի ինստիտուտի կողմից հրապարակված տարբեր ահազանգերի և վաղ նախազգուշացման զեկույցների վրա, որոնք հստակորեն ցույց են տվել ցեղասպանության 10 փուլերի ընթացքը: Տիկին Մասիմինոն ընդգծել է Ադրբեջանի կողմից կատարված հանցագործությունների ճշգրիտ պիտակավորման անհրաժեշտությունը՝ դրանց նկարագրման համար օգտագործելով օրինական ճանաչում ունեցող տերմիններ։ Եզրափակիչ խոսքում նա ընդգծել է պատասխանատվության և արդարության կարևորությունը՝ պնդելով, որ իրական խաղաղությունը հնարավոր չէ առանց նման վայրագությունների համար պատասխանատվության:

Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի (ԵՀԽ) «Հավատքի և կարգի» ծրագրի ղեկավար Անի Ղազարյան-Դրիսին կարևորել է ԵՀԽ-ի կողմից ձեռնարկվող շահերի պաշտպանության և իրազեկման նախաձեռնությունները: Նա ընդգծել է կազմակերպության ջանքերը՝ ուշադրություն հրավիրելու Արցախում շարունակվող ողբերգություններին և բովանդակալից երկխոսության միջոցով հակամարտությունների կարգավորման գործում նրա դերին: Դոկտոր Ղազարյան-Դրիսին հատուկ նշել է, որ ԵՀԽ-ի ուշադրութնան կենտրոնում են մշակութային ժառանգության և քրիստոնեական քաղաքակրթության պահպանության, Ադրբեջանի կողմից ապօրինաբար պահվող Արցախի ղեկավարության և այլ անձանց ազատ արձակման հրամայակնները:

Հանդիպումը վարում էր իրավագիտության դոկտոր Գևորգ Հակոբջյանը, ով «Հայկական իրավական կենտրոնի» խորհրդի անդամ է և ՀՕՄ-ի ներկայացուցիչը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում։

Հիշյալ միջոցառման ընթացքում հաջողությամբ անցկացվել է բովանդակալից քննարկում, ինչը ներկաներին թույլ է տվել արժեքավոր պատկերացումներ ձեռք բերել Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ: Քննարկումները կարևոր էին Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելուն ուղղված շարունակական ջանքերի տեսանկյունից:

Հայ Օգնության Միությունը հավատարիմ է օգնության, արդարության իր առաքելությանը, ինչի վկայությունն էր նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում կազմակերպված այս ազդեցիկ միջոցառումը, որը կազմակերպիչների, բանախոսների և ներկաների՝ կարևորագույն խնդիրների լուծման և Արցախի վերականգնման շուրջ նվիրվածության վկայությունն էր։