Ադրբեջանական տելեգրամյան ալիքներից մեկն այսօր դժգոհել էր Իսրայելի ԱԽ կողմից տարածված պաշտոնական քարտեզից, որից պարզ է դառնում, որ Ադրբեջանը հայտնվել է այն երկրների շարքում, որոնք Իսրայելը վտանգավոր է համարում իր քաղաքացիների համար և խորհուրդ չի տալիս այնտեղ այցելել․ Ադրբեջանի տարածքը քարտեզի վրա ներկայացված է դեղին գույնով, իսկ Հայաստանը՝ կանաչ:

Մի կողմ դնենք, որ նյութի տակ արված գրառումներից ակնհայտ է դառնում ադրբեջանցիների իրական դեմքը և սերն առ Իսրայել: Շատ ավելի կարևոր է, որ Բաքուն, կարծես թե, փորձում է սուրբ ձևանալ և Երևանին հիշեցնել այրված սինագոգները՝ մոռանալով, որ Հայաստանի իրավապահ մարմինները երկու դեպքում էլ հայտնաբերել են հանցանքը կատարողին: Ինչը չես ասի ադրբեջանցիների մասին, որոնք շարունակում են Արցախի օկուպացված տարածքում ոչնչացնել հայկական մշակութային և հոգևոր արժեքները և ոչ միայն չեն պատժվում, այլ մի բան էլ խրախուսվում են երկրի բարձրագույն ղեկավարության կողմից:

Եվ ևս մեկ ուշագրավ կետ: Բացի հակասեմականության տարածվածության չափման միավոր լինելը, այսպիսի գոտիավորումներն արվում են ահաբեկչական և ռազմական գործողությունների պոտենցիալ վտանգի առկայության դեպքում: Եթե Հայաստանի տարածքը ներկված է կանաչով, ապա հարց՝ իսկ ո՞ւմ դեմ է պատերազմելու Բաքուն կամ ինչ վտանգ կարող է սպառնալ նրա տարածքին: Արդյո՞ք սա չի նշանակում, որ Իսրայելը, կախված Գազայում իրավիճակի հետագա զարգացումից, պատրաստվում է Բաքվի միջոցով կամ ձեռքերով՝ ինչ-ինչ գործողություններ իրականացնել Իրանի դեմ: Գաղտնիք չէ, որ Իսրայելը ռազմական բազաներ է տեղադրել Ադրբեջանում, անգամ՝ օկուպացված Արցախում՝ Իրանի հետ սահմանին: Եվ այս դեպքում պոտենցիալ վտանգը Բաքվի համար գալիս է հենց Թեհրանի հավանական պատասխանից...