«Փաստ» օրաթերթը գրում է.

ԿԳՄՍՆ-ն առաջարկում է փոփոխություններ կատարել կառավարության 2023 թ. հուլիսի 13-ի N 1176-Ն որոշման մեջ: Առաջարկվում է փոփոխել թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման սկզբունքը և վերջիններիս ֆինանսավորումը իրականացնել նախորդ տարվա փաստացի ձևավորված սեփական միջոցների հիման վրա: Թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման նոր մոդելը 2023 թ.-ին պիլոտային ռեժիմով կիրարկվել է «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ում։ Ընդունված կարգի համաձայն, թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման հիմքում դրված է հետևյալ մոդելը. կազմակերպությունները ֆինանսավորվում են տվյալ տարվա կանխատեսվող սեփական եկամուտների կրկնակիի չափով։

Մոդելի կիրարկումը ցույց է տվել, որ ֆինանսավորման մեխանիզմում առկա է անհամապատասխանություն կանխատեսվող և փաստացի ձևավորված սեփական եկամուտների միջև։ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը փաստացի գերազանցել է իր պլանավորած տարեկան եկամուտի չափը, մինչդեռ պետության կողմից հատկացվող ֆինանսավորման գումարի չափը համապատասխանում է կազմակերպության կանխատեսվող գումարի չափին։ Հետևաբար, պետության պարտավորությունը՝ կրկնապատկելու ֆինանսավորումը, դառնում է ոչ լիարժեք, քանի որ տվյալ կազմակերպությանը փաստացի հատկացվում է ավելի պակաս գումար, քան վերջինս ձևավորել է տարվա ընթացքում:

2024 թ.-ից ֆինանսավորման նոր մոդելը պիլոտային տարբերակով ներդրվելու է «Հ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոն» ՊՈԱԿ-ում, որը նույնպես գերազանցել է իր պլանավորած սեփական եկամուտների գումարի չափը։ Թատերահամերգային կազմակերպությունների տարեկան հաշվետվությունների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 2024 թ.-ից ֆինանսավորման նոր մոդելը պիլոտային տարբերակով հնարավոր է ներդնել նաև «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» և «Երևանի կամերային պետական թատրոն» ՊՈԱԿ-ներում՝ հաշվի առնելով վերջիններիս կողմից 2023 թ.-ին ձևավորած սեփական եկամուտների ցուցանիշները:

Միևնույն ժամանակ, ըստ նախարարության, շտկման կարիք ունի ֆինանսավորման նոր մոդելի ներդրման ժամանակացույցը, որը պայմանավորված է ոչ միայն թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսական ցուցանիշներով, այլև ոլորտային առանձնահատկություններով, սեփական հարթակների առկայությամբ, նյութատեխնիկական հագեցվածությամբ՝ հատկապես մարզերում գործող թատերահամերգային կազմակերպությունների պարագայում: Առաջարկվում է փոփոխել կազմակերպությունների ֆինանսավորման ժամանակացույցը՝ չնախանշելով դրանց անվանումները, և մոդելը վերջնականապես ներդնել 2027 թ.-ին:

Ամփոփելով՝ առաջարկվող փոփոխության արդյունքում թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորումը կիրականացվի նախորդ տարվա փաստացի ձևավորված սեփական միջոցների հիման վրա, ինչը հնարավորություն կտա ապահովել ավելի ճշգրիտ պլանավորում։ Կճշգրտվի մոդելի ներդրման ժամանակացույցը, որի վերջնաժամկետ կսահմանվի 2027 թ.-ը: