ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանի ուղերձը Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա կապակցությամբ։

Հարգելի՛ գործընկերներ,

քաղաքացիական պաշտպանության համակարգի հարգելի՛ ներկայացուցիչներ,
Մարտի 1-ն աշխարհում նշվում է որպես Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օր։

Այդ կապակցությամբ շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության համայնքի բոլոր ներկայացուցիչներին և Փրկարար ծառայության աշխատակիցներին։
Քաղաքացիական պաշտպանությունը, հանդիսանալով ազգային անվտանգության և բնակչության պաշտպանության կարևորագույն բաղադրիչ, մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի։

Քաղաքացիական պաշտպանության կազմակերպումը և իրականացումը փրկարար ծառայության գերակա ուղղություններից է, որն օրեցօր զարգանում և ամրապնդվում է՝ դիմակայելով առկա մարտահրավերներին և ժամանակի թելադրանքին։

Խաղաղ, թե պատերազմական ժամանակ քաղաքացիական պաշտպանության ուժերը մշտական պատրաստականությամբ հասարակության տարբեր խավերի կողքին են՝ նախապատրաստվելով և իրականացնելով քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ, ապահովելով բնակչության կյանքի և նյութական արժեքների պաշտպանությունը, ենթակառուցվածքների անվտանգությունը, երաշխավորելով համարժեք արձագանք՝ բնական երևույթներով կամ մարդկային գործողությունների հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակներին, աղետներին։

2023 թվականն իրապես մեզ համար բարդ և ճգնաժամային իրադարձություններով լի տարի էր, սակայն քաղաքացիական պաշտպանության ուժերը նվիրումով և բարձր պատասխանատվությամբ կատարեցին իրենց առջև դրված խնդիրները՝ նախաձեռնելով կանխարգելիչ միջոցառումներ, ուսուցումներ, միևնույն ժամանակ կազմակերպելով բնակչության պատրաստվածությանը, անվտանգությանն ու կենսապայամանների ապահովմանն ուղղված այլ միջոցառումներ։

Մենք չենք կարող կանխատեսել աղետները և արտակարգ իրավիճակները, բայց կարող ենք նախապատրաստվել և կանխարգելել՝ նվազագույնի հասցնելով վերջիններիս ազդեցությունը, ինչը մեծ ջանք ու գիտակցություն է պահանջում։ Այստեղ տեղին է նշել Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվան նվիրված հայտնի կարգախոսը․

«Մենք կարող ենք միայն հուսալ լավագույնին, քանի դեռ գոհացուցիչ կերպով պատրաստված ենք վատագույնին»:
Կրկին շնորհավորում եմ քաղաքացիական պաշտպանության համայնքի ներկայացուցիչներին, բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց անձնուրաց աշխատանքով և նվիրումով, իրենց կյանքը հաճախ վտանգի ենթարկելով, պաշտպանում և փրկում են այլոց կյանքերը։