Լատվիայի իշխանությունները հաստատել են բուսական եւ կենդանական ծագման ապրանքների ցուցակը, որոնք արգելվում է ներկրել Ռուսաստանից եւ Բելառուսից։ Այս մասին տեղեկացրել է rus.lsm.lv պորտալը։ Նրա տվյալներով՝ արգելքը վերաբերում է հացահատիկին, տարեկանին, գարուն, վարսակին, եգիպտացորենին, բրնձին, հատիկավոր սորգոյին եւ հնդկաձավարին։ Այն նաեւ տարածվում է կարտոֆիլի, լոլիկի, վարունգի, սոխի, սխտորի, կաղամբի, գազարի, ճակնդեղի, շաղգամի, բողկի եւ այլ բանջարեղեների վրա։ Բացի այդ, Ռուսաստանից եւ Բելառուսից Լատվիա չի կարելի մատակարարել նաեւ խնձոր, տանձ, արքայախնձոր, մանգո, ցիտրուսային մրգեր, խաղող, սեխ, ձմերուկ, ծիրան, սալոր, դեղձ, ինչպես նաեւ այլ մրգեր ու հատապտուղներ թարմ, սառեցված, չոր եւ պահածոյացված ձեւով։

Ցուցակում տեղ են գտել նաեւ ընկույզները, ընդեղենը, ձուկը, մսից պատրաստված ենթամթերքները, ալյուրը, արմավի եւ կոկոսի յուղը, սոյայի հատիկները, բամբակի, վուշի, ռապսի սերմերը, շաքարի արտադրության մնացորդները եւ «նման մնացորդներ»։

Ինչպես նշել է պորտալը, այս սահմանափակումները ուժի մեջ կմտնեն մարտի 8-ից։ Նրա տեղեկացմամբ՝ սկզբում նախատեսվում էր արգելել միայն հացահատիկեղենի ներկրումը, բայց «լատվիացի ֆերմերների հետ բանակցություններից հետո» ընդունվել է որոշում ցուցակն ընդլայնելու մասին։ Հանրապետության իշխանությունները կփորձեն սահմանափակել նաեւ ռուսական եւ բելառուսական ծագման ապրանքների ներկրումը երրորդ երկրներից։ Նրանք պարզել են, որ նման միջոցները «Եվրամիության ընդհանուր պատժամիջոցային քաղաքականության լրացուցիչ տարր կարող են հանդիսանալ»։