«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Ապարան խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը՝ «Գնթունիքի» սեփականատերը, ըստ լուրերի, ջերմ հարաբերություններ է հաստատել իշխանության, մասնավորապես մարզի ՔՊ-ականների հետ եւ այցերի ժամանակ էլ ջերմ ընդունելություն է կազմակերպում Փաշինյանի համար, սակայն իշխանությունը չի մոռանում նրա ընդդիմադիր եւ նախկին լինելը: Դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի անվան տակ ուզում է նրանից խլել մի շարք գույքեր, այդ թվում՝ կայացած «Գնթունիքի» բիզնեսը։

Եղիազարյանի եւ նրա կնոջ նկատմամբ վարույթ կա, որի շրջանակներում ուզում են բռնագանձել «Գնթունիքի» 100 տոկոս բաժնեմասը, նաեւ մի շարք անշարժ եւ շարժական գույք։ Եղիազարյանի նկատմամբ նաեւ քրեական գործ կա' ապօրինի ձեռնարկատիրության, պաշտոնի չարաշահման եւ հափշտակության մեղադրանքով: Վերջին ամիսներին նաեւ ստուգումներ են անում համայնքապետի ընտանիքին պատկանող բիզնեսներում եւ տուգանում»: