ԱՄՆ պաշտպանության նախարարությունն ասում է, որ Ռուսաստանն անտեսել է ամերիկյան հետախուզական գործակալությունների հետախուզական տվյալները հնարավոր ահաբեկչության մասին։

«Իհարկե, մենք հետևում ենք պարտադիր նախազգուշացման սկզբունքին։ Այսպիսով, եթե մենք ունենք տեղեկատվություն, որը, մեր կարծիքով, պետք է տարածվի անմեղ կյանքեր փրկելու համար, մենք դա անում ենք», - լրագրողների համար հերթական ճեպազրույցում ասել է Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերը:

Նա հիշեցրեց ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչների նախկին հայտարարություններն այն մասին, որ ԱՄՆ-ն, իբր, տեղեկատվություն է փոխանցել Ռուսաստանին մոտալուտ ահաբեկչության մասին։ «[Հարցը], թե ինչու են նրանք նախընտրել անտեսել դա, պետք է ուղղվի նրանց»,- ասել է Ռայդերը՝ կրկնելով այն վարկածը, որ Crocus City Hall համերգասրահի վրա հարձակումն իրականացվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից։