Lragir.am. Հայ ազգային կոնգրես կուսակցությունը դիմել ՀՀ գլխավոր դատախազություն՝ խնդրելով պարզել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ նրա հարազատների երեւացող ու չերեւացող հսկայական սեփականության ծագումնաբանությունը եւ կոռուպցիոն հնարավոր ռիսկերը:
«Խնդրվում է պարզել Տարոն Մարգարյանի կողմից ներկայացված հայտարարագրում ներկայացված գույքի իրական բնույթի, ծագման աղբյուրների, գտնվելու վայրի, տնօրինման եղանակի, տեղաշարժի, իրավունքների կամ պատկանելության կամ գույք ձեռք բերելու կամ տիրապետելու կամ օգտագործելու կամ տնօրինելու օրինականությունը, դրանց ձեռքբերման կապը կոռուպցիոն երեւույթների ("ատկատների" եւ այլն) կամ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման հետ», գրված է դիմումի մեջ:
Դիմումում նաեւ նշվում է այն ժամանակահատվածը, երբ կտրուկ աճել են Տարոնի դրամական եկամուտները եւ սեփականության ծավալը՝ 2007 թվական: Այսինքն, երբ մահացել է նրա հայրը՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Ըստ տրամաբանության, Տարոն Մարգարյանի ինչքը կտրուկ բազմապատկվել է կամ ժառանգություն ստանալով, կամ էլ նրան ինչ որ անձինք «նվիրել են» սեփականություն: Ահա այստեղ առաջանում է չափազանց նուրբ պահ՝ դատախազությանը խնդրելով պարզել Տարոնի սեփականության ծագումնաբանությունը, փաստացի խնդրվում է ստուգել հանգուցյալ վարչապետի գործունեությունը:
Իհարկե, Դատախազությունն այդքան հեռու չի գնա, եւ թերեւս Տարոնի կարողությունը կվերագրվի «նվիրատվություններին» ու նրա բիզնես-տաղանդին: Հայ ազգային կոնգրեսն էլ թերեւս այդքան չի «խորանա», նկատի առնելով թե նախընտրական տրամաբանությունը, թե «հայկական քաղաքական ավանդույթը»:
Այնուամենայնիվ, այս կապակցությամբ անհնար է չհիշել Մաշտոցի պուրակի իրադարձությունները, երբ քաղաքացիները պայքարում էին քաղաքապետարանի անօրինական որոշման դեմ, որը մտադիր էր ոչնչացնել պուրակը եւ այն վերածել բուտիկանոցի: Մինչ քաղաքացիները պայքարում էին անօրինականության դեմ, Կոնգրեսն ու նրա «հովանավորն ու պատվիրատուն»՝ ԲՀԿ-ն, պայքարում էին քաղաքացիների դեմ: Եւ այդ «գաղափարական» պայքարում նշվում էր, որ քաղաքացիները վարկաբեկում են ոչ միայն Տարոն Մարգարյանին, այլեւ նրա հորը՝ հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին, ով ապահովում էր երկնիշ տնտեսական աճ: Ահա այսպիսի բաներ:
Դե, իսկ Տարոնը կարող է «լեգալացնել» իր սեփականությունը, ճիշտ է՝ ծանր գնով: