ԳԱԼԱ. Ազատության հրապարակում ելույթ ունենալով' Արման Մուսինյանը նշեց, որ ունի մի քանի դիտարկումներ: «Չնայած հիասթափության ալիքին, մենք և մյուս քաղաքական ուժերը կարողացանք կրկին ակտիվացնել մեր քաղաքացիների հետաքրքրությունը և ոգևորությունը քաղաքական իրադարձությունների հանդեպ: Այս հարցում մեզ օգնել է գործող իշխանությունը ծաղիկ-փուչիկ քարոզչությամբ և իր թեկնածուով: Մյուս դիտարկումը տոտալ ատելությունն է Հանրապետական կոչվող երևույթի նկատմամբ, վարչախումբը ամեն ինչ փորձեց անել, որ այս ընտրությունները դառնան կենցաղային, սակայն չստացվեց, և հիմա էլ հրապարակում են կեղծ տվյալներ, որ օրինակ՝ երևանցիների հիսունյոթ տոկոսը Տարոնին համարում է խելացի մարդ, երևանցիներին գժի տեղ են դրել, կամ ՀԱԿ-ը, ասում են, ունի երեք տոկոս, այդ դեպքում ցույց տվեք ինձ մի երկիր, որտեղ պայքարում են բոլոր միջոցներով երեքտոկոսանոց ուժի դեմ: Իրականում երեք տոկոս ունեցող ուժի անունն էլ չեն տալիս: Ամեն կերպ սուտ տեղեկություններ են տարածում, սրանից կարելի է եզրակացնել մի բան, որ վախեցած են Կոնգրեսից: Մենք ունեցել ենք դժվարություններ, կորուստներ, սակայն դրանում է մեր ուժը, քանի որ իշխանության ղեկին բոլորը կարող են ուժեղ լինել: Հանրապետականի՝ իշխանությունից հեռանալուց հետո Հանրապետականից կմնա «Հ» տառը, որովհետև այնտեղ հավաքված են մարդիկ, ովքեր հաջողությամբ կարող էին լինել նացիոնալ-սոցիալիստներ, մուսավաթականներ, մի զարմացեք, քանի որ այդ մարդիկ այնտեղ են իշխանությամբ փող դիզելու համար»,- նշեց Արման Մուսինյանը:

Աղասի Մարգարյան