ՀՀԿ վերին էշելոնի մի քանի ներկայացուցիչ վերջերս հավաստիացրին, թե ավագանու ընտրությունների հետ կապված արդեն ամեն ինչ, կարելի է ասել, լուծվել է. Տարոն Մարգարյանի մոտ «no problem» վիճակ է: Ազգային ժողովի այսօրվա հայտարարություններից, սակայն, այդ՝ ավելի քան ստույգ ներկայացվող տեղեկատվությունը սկսեց կասկածելի թվալ:

Պատգամավորների ելույթների բովանդակությունը, որպես կանոն, ցույց է տալիս, թե ինչ խնդիր է դրված և ինչն է ընկած դրա հիմքում: Երբ արշալույսներն ու վերջալույսները խաղաղ են, պատգամավորների ելույթները շնչում են խաղաղությամբ: Բնական էր, որ քարոզարշավի թեժ շրջանում մեր ընտրյալները չէին կարող շրջանցել ընտրությունների թեման և պետք է որ իրենց լուման ներդնեին «Տարոո՜ոն Անդրանիկիի՜ի Մարգարյա՜աան»-ի հաղթանակի գործում, բայց որ ՀՀԿ-ն կարող էր նման գրոհ կազմակերպել և սև փիառին բացեիբաց պատասխանել երկրի բարձրագույն ամբիոնից, մի փոքր անսպասելի էր:

«Քաղաքական դաշտում հայտնվել են կեղծ, այսպես ասած չինական քաղաքական ապրանքանիշներ»,- հայտարարեց «ՀՀԿ խոսափող» Կարեն Ավագյանն ու սկսեց բացել փակագծերը: «ՀԱԿ-ին փորձեց փոխարինել ՀԱԿԿ-ն, բայց առանց Նիկոլի: Զգուշացե՛ք կեղծիքներից. իսկական ՀԱԿ-ը Նիկոլ Փաշինյանով է։ Իսկական ԲՀԿ-ն առանց Օսկանյանի է, կեղծ ԲՀԿ-ում հոլոգրաֆիկ նշանի վրա երեք գլուխ է։ «Ժառանգության» նոր տարբերակը՝ մայիսի 5-ից հետո, քանի որ հինն արտադրությունից դուրս է մնացել։ Իսկ ՀՅԴ-ն կեղծելու կարիք էլ չեղավ, քանի որ դրա պահանջարկը շուկայում չկար»:

- Էս ՀՀԿ-ն Նիկոլի պաշտպանն ա՞ դարձել:

- Ինադու են անում, հա՛,- արձագանքեց «Հայկական ժամանակի» լրագրող Լուսինե Բարսեղյանը: Նիկոլի ու ՀԱԿ-ի «ջրերն» առանց այն էլ Օսկանյան-Զուրաբյան գաղտնալսումից ու «գծի» բացահայտումից հետո մի առվով չեն հոսում: Նիկոլին գովելով՝ ՀՀԿ-ն ի՞նչ է՝ ձգտում է ավելի՞ սրել Փաշինյան-ՀԱԿ փոխհարաբերությունները: Բայց ինչու՞. Նիկոլից վտանգ է զգու՞մ, թե՞ մեկ այլ դրդապատճառ կա: Ամեն դեպքում, հարձակվում են այն դեպքում, երբ հստակ վտանգ են զգում:

Գրոհը շարունակվում է, հրապարակ են նետվում թարմ ուժեր: Տարոն Մարգարյանի գովքն են երգում և մրցակիցների դեմ անխնա պայքար մղում ՀՀԿ-ի երկու Արտակները՝ Զաքարյան և Դավթյան: Արտակ Դավթյանն այնքան է խճճվում իր ելույթի ոլորաններում, որ խոհափիլիսոփայական գերհզոր մտքեր է անգամ հասցնում արտաբերել. «Իմ համար գոյություն չունի ՀՅԴ կուսակցություն, ՀԱԿ կուսակցություն, «Ժառանգություն» կուսակցություն, աղբահանման կամ կանաչապատման ձևեր…»:

Հրապարակ է մտնում կանանց «գունդը»: Շուշան Պետրոսյանը, օրինակ բերելով Մարտակերտում տեսած առաջընթացը, խորհուրդ է տալիս քիչ ատելություն ու թույն արտաշնչել և ընտրել սեր ճառագող Տարոն Մարգարյանին:

ՀՀԿ-ի «Նաիրա Զոհրաբյան» դառնալու ճիգեր գործադրող Մարգարիտ Եսայանն ավելի հեռուն է գնում. «Ոսկե սարեր են խոստանում ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը, որոնց ավագանիներն անցած չորս տարիներին բառացիորեն անգործության էին մատնվել: ԲՀԿ-ի ներկայացուցիչները, Երևանի ավագանիում լինելով բավականին լուրջ թվով ներկայացված, այդպես էլ ո՛չ մի հոդաբաշխ միտք կամ խոսք չասացին, ո՛չ մի կոնկրետ գործ չարեցին, իսկ քարոզարշավի այս օրերին նրանցից ոչ մեկը չկարողացավ ներկայացնել անցած չորս տարիների իրենց կատարածը, չկարողացան, որովհետև ոչինչ էլ չեն: Իսկ ՀԱԿ-ի ավագանին ընդհանրապես «լայաղ» չարեց անցած ժամանակաշրջանում մասնակցել Երևանի կառավարման գործին: Հիմա ակտիվացել են այնպես, կարծես նախագահական կամ խորհրդարանական ընտրությունների են գնում: Դե, որ այդքան ուժ ունեիք, փետրվարին նույնքան ակտիվ լինեիք»:

Ռուզաննա Մուրադյանն իր հերթին հիշեցրեց, որ ԲՀԿ ավագանին միայն կողմ է քվեարկել ավագանու նիստերին, ինչը ևս անհնար է առարկել, թերևս, միայն վերապահում կատարելով ԲՀԿ խմբակցության նախկին նախագահ Արման Վարդանյանի ղեկավարության շրջանը, ինչն սակայն երկար չտևեց և ավարտվեց Վարդանյանի հրաժարականով, քանի որ վերջինիս գործունեությունը ստվեր էր գցում ԲՀԿ-ի քաղաքական գծի վրա և խախտում ՀՀԿ-ԲՀԿ պայմանավորվածությունները:

Թե այս անգամ որքան կտևի «ընդդիմադիր, ընդդիմադիր ձևացող և ընդդիմադիր խաղեր տվող ուժերի» (ձևակերպումը Մարգարիտ Եսայանի հայտարարությունից) «տղա ձևանալու» շրջանը, կերևա առաջիկայում:

Լուսինե Կեսոյան