Թերթն անդրադարձել է փետրվարի 24-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում Հայկ Հայրապետյանի ինքնասպանության դեպքին' հիշեցնելով, որ նա ինքնասպանություն էր գործել Սարալանջի թիվ 6 դպրոցի բակում տեղադրված պտտաձողից կախվելու միջոցով:

Ըստ շրջանառվող տեղեկությունների' նա այդ քայլին գնացել էր' մեկ այլ տղայի սիրելու պատճառով: Սակայն թղթակցի հետ զրույցում Հայկի մայրը բացառել էր այդ լուրերը և նշել, որ ինքն այլ կասկածներ ունի:

Համաձայն այդ նույն տեղեկությունների' Հ.Հայրապետյանը Odnoklassniki.ru սոցիալական կայքի միջոցով Սամսոն անունով մի տղայի նամակներ է ուղարկել և հանդիպելու ցանկություն հայտնել: Սակայն մշտապես մերժում է ստացել: Քննչական մարմինը հայտնաբերել է Հայկի համակարգիչը և պարզել, որ ինքնասպանություն գործելուց առաջ էլ նա նույն Սամսոնին նամակ է գրել' հայտնելով, որ ինքնասպան կլինի:

Թղթակիցն ամիսներ անց կրկին խոսել է ինքնասպան եղած երիտասարդի մոր հետ, ով հայտնել է, որ միակ տարօրինակ բանը, որ նկատել է իր տղայի պահվածքում, դա համակարգչից ունեցած կախվածությունն է եղել. նա օր ու գիշեր համակարգչից չի հեռացել:

Տղայի մորը պատմելով' մինչ բանակ գնալը, Հայկը սիրել է Նարե անունով մի աղջկա: Բայց մինչև Հայկը բանակից կգար, աղջիկն ամուսնացել է. «Նրա ամուսնանալուց հետո տղաս անընդհատ թուրքական ֆիլմեր էր նայում և հատկապես այնպիսի ֆիլմեր, որ աղջիկը տղայի համար ինքնասպան է լինում կամ' հակառակը: Հետո նկատեցի, որ սարսափ ֆիլմեր էր նայում ու այդ համակարգչի առաջ նստելով' դարձել էր լռակյաց»:

Մայրը պատմել է նաև, որ կարդացել է տղայի վերջին համակարգչային զրույցը Սամսոնի հետ և այնտեղ ոչ մի տարօրինակ բան չի նկատել:

«Հիմա փող չունեմ հետս ընկերություն չե՞ք անում: Արի տենանք իրար: Ես ասել եմ չէ՞, որ մի օր գնալու եմ ինքնասպանության»,- գրված է եղել Հայկի նամակում:

Ոստիկանությունը դեպքից 2 ամիս անց փակել է հարուցված քրեական գործը: