«Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ ճնշումներն ավելանում են, օրինակ՝ գազի գնի բարձացումը, Լավրովի հայտարարությունները համարում եմ փոխկապակցված գործողություններ: Այս ամենն իրար հետ կապ ունի, և հստակ նպատակ է հետապնդում: Նույն «Եվրատեսիլում» Ռուսաստանի կողմից Հայաստանին տրված ցածր բալերը (ընդամենը 2 բալ), այդ ամենը միանշանակ փոխկապակցված են և քաղաքական ենթատեքստ ունեն»: Այս մասին Lurer.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Սարգիս Ասատրյանը՝ մեկնաբանելով երեկ Մոսկվայում տեղի ունեցած Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների համատեղ մամլո ասուլիսը:

Կարծում եմ՝ Ռուսաստանն ամեն կերպ փորձում է Հայաստանին համոզել, որ մտնի Եվրասիական միություն: Հայաստանի իշխանությունները գիտակցում են, որ ժողովուրդը ոչ միանշանակ կընդունի այդ որոշումը, բայց պետք է նկատել, որ այս ամենը հստակ ծրագիր է, որն ուղղված է Հայաստանի վրա ճնշումներ գործադրելուն և ի վերջո նրան ստիպելու է մտնել Եվրասիական միություն»,-ասաց Սարգիս Ասատրյանը:

Վերջինս ցավով արձանագրում է, որ հայաստանյան քաղաքական գործիչները՝ և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր թևերը, Ռուսաստանից կախում ունեն և չեն ցանկանում Մոսկվային նյարդայնացնել: Դա համարում է բացասական երևույթ և խնդիրներն անարձագանք թողնելու պատճառը տեսնում է հենց դրանում:

«Գազը Ռուսաստանը բավականին հաջող օգտագործում է ոչ միայն մեր նկատմամբ, այլև, օրինակ, Ուկրաինայի, Եվրոպայի նկատմամբ, երբ ինչ-որ դիվիդենտներ է ուզում ստանալ, գազի պես հզոր լծակ է օգտագործում: Հիմա, փաստորեն, ստացվում է՝ Ռուսաստանը փորձում է այնպես անել, որ Հայաստանը կողմնորոշվի: Մամեդյարովի հետ հանդիպումը, սիրաշահումները, նման հայտարարություններն ուղղված են նրան, որ Հայաստանը չմտածի գնալ եվրաինտեգրման ճանապարհով, շատ խորացնի հարաբերությունները, ՆԱՏՕ-ի և եվրոպական միության մասին մոռանա»:

Սարգիս Ասատրյանը դժվարացավ խոսել հայաստանյան կողմի հետագա քայլերի մասին, բայց նկատում է, որ մեր առջև հստակ խնդիր է դրված՝ կա՛մ եվրասիական միություն, կա՛մ եվրոպական միություն:

«Հայաստանն ընդամենը պետք է հասկանա, թե որոնք են այդ երկուսի մինուսներն ու պլյուսները»:

Նելլի Ավետիսյան