ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնը հանդես է եկել մայիսի 25-28-ը Ադրբեջան կատարած իր պաշտոնական այցի ամփոփիչ զեկույցով, որում ԵԽԽՎ ղեկավարը կոչ է արել երկրի իշխանություններին կատարել Եվրոպայի խորհրդի առջև իր ստանձնած պարտավորությունները, այդ թվում'մարդու ժողովրդավարական ազատությունների պահպանումը: Նա կոչ է արել ամրապնդել Ադրբեջանի և Եվրոպայի խորհդրի միջև համագործակցությունը'հաշվի առնելով առաջիկա 2014թ. մայիսին Ադրբեջանի կողմից Եվրոպայի խորհրդի նախարարների հանձնաժողովի նախագահությունը ստանձնելու հանգամանքը. մեջբերում է Contact.az-ը:

«Անկախության ձեռքբերումից և Եվրոպայի խորհուրդ մտնելուց ի վեր' Ադրբեջանը զգալի փոփոխություններ է գրանցել եվրոպական արժեքների հիման վրա բարգավաճող հասարակություն կառուցելու ճանապարհին»,-հայտարարել է ԵԽԽՎ նախագահը և հավելել,-սակայն այդ կարևոր բարեփոխումները դեռևս ավարտին չեն հասցվել, և ես կոչ եմ անում երկրի իշխանություններին կատարել Եվրոպայի խորհրդի առջև իր ստանձնած պարտավորությունները: Հատկապես կարևոր է անհատի մտքի ազատությունը ապահովելու, օրենսդրական նորմերը պահպանելու և դրանք գործնականում Եվրոպայի խորհդրի ստանդարտներին համապատասխան կիրառելու պարտավորությունը»:

Անդրադառնալով հոկտեմբերին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններին' Մինյոնը նշել է, որ դրանք կարող են դառնալ ժողովրդավարությունն ապացուցող կարևոր քայլ այդ երկրի կողմից: Նա կոչ է արել ընտրություններն անցկացնել եվրոպական ստանդարտներին համապատասխան, պլյուրալիզմի և ազատ ու բաց դեբատների մթնոլորտում: