Թերթն անդրադարձել է Սյունիքի մարզպետ Ս.Խաչատրյանի առանձնատան դիմաց տեղի ունեցած սպանության դեպքին' հիշեցնելով, որ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են մարզպետի որդին' Տիգրան Խաչատրյանը, և թիկնապահը' Զարզանդ Նիկողոսյանը:

Թերթը նաև նշում է, որ Զ.Նիկողոսյանը մարտի 26-ին' Սյունիք գյուղում գտնվող գիշերային ակումբի մոտ մարմնական վնասվածքներ էր հասցրել Արմեն Վ.-ին: Մայիսի 27-ին Զ.Նիկողոսյանը բերման էր ենթարկվել ոստիկանության Կապանի բաժին, տվել ինքնախոստովանական բացատրություն, որից հետո ստորագրությամբ ազատ էր արձակվել:
Նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն, իսկ հետաքննությունը շարունակվում էր:

Այս դեպքի կապակցությամբ թղթակիցը փորձել է պարզել, թե ինչպիսի ավարտ է ունեցել այն և դիմել է ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությանը: Վարչության աշխատակից Զ.Գաբրիելյանը թղթակցի հարցին ի պատասխան նշել է, որ նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է:

Իսկ այն հարցին, թե արդյոք Զ.Նիկողոսյանն անմեղ էր, վարչության աշխատակիցը պատասխանել է. «Ոչ թե անմեղ էր ճանաչվել, այլ բողոքի բացակայության պատճառով էր քրեական գործը մերժվել»:

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Իրավունք» օրաթերթի' 04.06.2013թ. համարում: