ՀՀ Պաշտպանության նախարարությունը հունիսի 7-ին կազմակերպել էր լրատվամիջոցների ներկայացուցիչների այցելություն ՀՀ Տավուշի մարզ՝ Նոյեմբերյանում տեղակայված զորամաս:

ԶԼՄ–ների ներկայացուցիչները եղան այն զորամասում, որտեղ մայիսի 15-ին սպանվել էր ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանը:

Զորամասի հրամանատար Վահագն Ասատրյանը ներկայացրեց դեպքից որոշ մանրամասներ:

«Հանգստացող հերթափոխը եղել է ծխարանում նստած, որոնք եղել են պահակային ծառայության կանոնագիր կարդալուց և իրար հետ զրուցելուց: Մուտքի դռան մոտ կանգնած ժամապահը ժամ է հարցրել սպանված Լյուքս Ստեփանյանից և ևս երեք պահակայիններից, վերջիններս ժամ չեն ունեցել՝ չեն պատասխանել: Այնուհետև մահացած զինվորի և ժամապահի միջև խոսակցություն է եղել, որի արդյունքում հնչել է կրակոցը: Արձակվել է մեկ գնդակ՝ ծխարանի ուղղությամբ և, ըստ նախնական ենթադրությունների և քննչական ծառայությունների ներկայացրած նյութերի, գնդակը դիպել է սկզբից վիրավորին, այնուհետև գնդակը, կպնելով պատին, անդրադարձել է և դիպել մահացած Լյուքս Ստեփանյանին», - ասաց Ասատրյանը:

Հրամանատարի խոսքերով՝ կրակոցը եղել է ոչ թե կրծքին դրած դիրքից, այլ իջեցնելու պահին՝ գոտկատեղից: «Սկզբից կրակողը զենքը պահել է այդ ուղղությամբ, կողքից այլ զինվոր ասել է «իջեցրու, հո խաղալիք չի», կրակողը զենքն իջեցրել է, որի պահին էլ հնչել է կրակոցը», - ասաց Վահագն Ասատրյանը:

Վերջինս նշեց նաև, որ իր հրամանատարության օրոք երկու զինծառայողների միջև լարված հարաբերություններ չեն եղել:

Հիշեցնենք, որ մայիսի 15-ին Նոյեմբերյանում գտնվող ՊՆ N զորամասում ծառայակցի արձակած կրակոցից զոհվել էր ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանը, իսկ վիրավորված ժամկետային զինծառայող Հրաչյա Սարգսյանի առողջական վիճակը, ով գլխի շրջանում ստացել էր հրազենային վնասվածք եւ տեղափոխվել Նոյեմբերյանի հիվանդանոց, արդեն լավ է: Նշենք նաև, որ դեպքի առթիվ ձերբակալվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող Դավիթ Խաչատրյանը: