Ամիսներ առաջ լրատվամիջոցներով տարածված հաղորդագրությունը ծանուցում էր բոտուլիզմից մահացության հերթական դեպքի մասին:
«Դեկտեմբերի 27-ին'ժամը 23.00-ի սահմաններում, Կապանի հիվանդանոցում մահացել է 33-ամյա Ատոմ Սամվելի Մարկոսյանը: Նախնական տեղեկություններով' նրա թունավորման և մահվան պատճառը պահածոյացված սմբուկն ու խավիարն են եղել»:
Առաջին հայացքից սովորական ու հերթական թվացող այս դեպքը ամենևեին էլ սովորականներից չէ: Իրականում' կնճռոտ ու չբացահայտված հարցերը շատ են:
Այսօր էլ' ամիսներ անց, հաղորդագրությունից զատ'դեպքի մասին այլ մանրամասներ համացանցում անհնար է գտնել: Սակայն ASEKOSE.am-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել:
Հարազատների պնդմամբ' 33-ամյա Ատոմ Մարկոսյանը մահացել է' «Այգի» ընկերության պահածոներից: Դիահերձումից հետո դատաբժշկական փորձաքննության ադյունքները հաստատել են, որ թունավորումը եղել է լոլիկից, սմբուկից և բիբարից, սակայն Ատոմի մայրը' տիկին Գրետան, համոզված է, որ այն պահածոների տարաները, որոնք թունավորման պատճառ են հանդիսացել, անհայտ հանգամանքներում փոխվել են, փորձաքննության են ներկայացվել բոլորովին այլ տարաներ: Արդյունքում' թեև դատական պրոցեսն այսօր էլ շարունակվում է, սակայն մեղադրանք չեն կարող ներկայացնել «Այգի» ընկերության դեմ, քանի որ փոխված տարաները մաքուր են եղել' ըստ փորձաքննության արդյուքների:
Ընտանիքն այսօր կանգնած է փակուղու առաջ: Մի կողմից տղային կորցնելու ցավալի փաստը, մյուս կողմից անելանելիությունը:
«Փաստը մնում է փաստ, որ երեխաս այսօր չկա: Ես իմ 33 տարեկան տղային կորցրել եմ: Նրա ընտանիքը քայաքայվել է, 4 տարեկան երեխան որբ է մնացել: Մենք արդեն 60 տարեկան ենք, ամուսինս հաշմանադամ է: Մեր ընտանիքի միակ աշխատողը տղաս էր: Մնացել ենք անելանելի վիճակում: Ու հիմա ոչ ոք դրա համար պատասխան չի ուզում տալ»,-ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ատոմի մայրը:
Ատոմը մահացել է դեկտեմբերի 27-ին: Դեկտեմբերի 18-ին նա դուրս է եկել Երևանից, մեկնել է Արցախ' աշխատանքի բերումով (առաքիչ էր): Տիկին Գրետայի խոսքով' Արցախում' Ասկերանի խանութներից մեկից գնել են «Այգի» ընկերության պահածո (օրը հայտնի չէ): Տարել են տուն, տաքացրել ու կերել: Այդ ընթացքում Ատոմը որևէ գանգատ ու բողոք չի ունեցել: Այս մասին վստահեցրել է վարորդը, ով ամբողջ ընթացքում նրա հետ է եղել: Դեկտեմբերի 27-ին դեպի Երևան հետդարձի ճանապարհին վատ է զգացել: Ուժեղ սրտխառնոց է ունեցել: Վարորդը վերջինիս անգիտակից վիճակում տեղափոխել է հիվանդանոց:
«Բժիշկները հավաստիացնում են, որ անհրաժեշտ ամեն ինչ արել են, օգնություն են ցուցաբերել: Առավոտյան ժամը 11-ին տարել են հիվանդանոց: Երեկոյան ժամը 23:00-ին մահացել է: Ես այստեղից մինչև հասել եմ Կապան, տղայիս արդեն չեմ տեսել»,- ասում է տիկին Գրետան:
Շարունակելով մեզ ծանոթացնել գործի մանրամասներին' տիկին Գրետան հավելում է.

«Քննիչները տարաները ուղարկել են Կապան: Բայց չգիտեմ ինչու'Կապանում դեկտեմբերի 29-ից մինչև փետրվարի 13-ը դրանք փորձաքննության չեն ուղարկվել: Հունվարի 28-ին քննիչը փոխվել է: Երկրորդ քննիչը փետրվարի 13-ի դրությամբ տարաներն ուղարկել է փորձաքննության, որի պատասխանը ստացել ենք միայն մայիսի 4-ին: Համոզված եմ' ուրիշ տարաներ էին' չգիտեմ ինչ պահածոյի: Բնականաբար ոչ բոլոր տարաների մեջ կարող էր բոտուլիզմի հարուցիչ լինել: Դրանք ուրիշ էին»:
Ստեղծված իրավիճակում ընտանիքը չի պատկերացնում իր անելիքը:Հարազատները տարակուսանքի մեջ են:
«Ոչ ոք ոչինչ չի կարող ապացուցել: Ասում են' քանի որ պահածոյի տարաները մաքուր են եղել, չենք կարող բողոքել «Այգի» ընկերության դեմ»,- շարունակում է Ատոմի մայրը:
Վերջին անգամ նա քննիչի հետ խոսել է օրեր առաջ: Սակայն իր խոսքով' ոչ մի նորութուն չկա:
«Ես հետաքրքրվել եմ, թե «Այգի» ընկերությունը գոնե գիտի դեպքի մասին: Քննիչն ասաց, որ տեղյակ են պահել, պահածոների տարաներ են վերցրել, ուղարկել փորձաքննության: Առ այօր որևէ արձագանք չի եղել: Մեզ ոչինչ չեն ասել այդ ընկերությունից»:
Ի դեպ'Ատոմի մայրը դիմել է «Կիսաբաց լուսամուտներ»-ին' խնդրելով մի հաղորդում նվիրել այս դեպքին, սակայն նրան մերժել են' պատճառաբանելով որ ընդամենը մեկ դեպք է եղել, ապա խորհուրդ են տվել դիմել «Սուր անկյուն» հաղորդաշարին:
«Իսկ քանի՞ դեպք պիտի լիներ»,- տարակուսում է տիկին Գրետան, ապա ավելացնում.« Ես ամեն ինչ կորցրել եմ» :
Ու այպես'ընտանիքը սպասում է: Անորոշության մեջ սպասում է: Ատոմի փոքրիկն էլ է սպասում….. հայրիկին:
Փոքրիկը մտածում է' հայրը Ռուսաստանում է.
«Ինքը ինձ սիրում էր, իսկ հիմա չի սիրում, չի գալիս»:

Հեղինակ' Հասմիկ Գյոզալյան