Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման հարցում իրանական կողմը սպասում է հայկական կողմի քայլերին։ Ինչպես հայտնում է Tert.am-ը՝ այս մասին Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանն այսօր լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ ասաց ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մոհամմադ Ռեյիսին։ «Մենք մի քանի տարի է՝ շեշտում ենք, որ երկաթգիծը Հայաստանի հետ պետք է կառուցվի: Վստահ եմ, որ երկաթգիծը կառուցվելու դեպքում ամեն շաբաթ մոտ 5000 իրանցիներ որպես զբոսաշրջիկ կգան Հայաստան: Բազմաթիվ անգամ Հայաստանին հայտարարել ենք, որ հենց որ դուք Հայաստանում սկսեք կառուցել ձեր հատվածը, անմիջապես կսկսենք մեր հատվածը, որը մեզ համար այնքան էլ իմաստ չունի, որպեսզի այն սահմանափակումները, որ ստեղծվել են Հայաստանի համար, վերացվեն։ Կարծում եմ՝ որ Հայաստանի շահերից է բխում, որ Մեղրիից մինչև Վրաստան բարձր արագությամբ մայրուղի բացվի»,- հայտարարեց դեսպանը:

Իրանի դեսպանը նշեց նաև, որ իրանական կողմը պատրաստ է մինչև 500 միլիոն դոլարի ֆինանսավորում հատկացնել ՀԷԿ-երից մեկի համար:

Իրանական գազը Հայաստանի համար կարո՞ղ է այլընտրանքային լինել, դա արդեն հայաստանյան կողմը պետք է որոշի, դա Հայաստանի գործն է: Tert.am-ի հարցին ի պատասխան նման պատասխան տվեց Հայաստանում Իրանի իսլամական հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին:

Հիշեցենք, որ ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել էր, որ Իրանի գազը ՀՀ-ի համար այլընտրանք չի կարող լինել, քանի որ Իրանը այլ երկրներին, մասնավորապես Թուրքիային գազը վաճառում է 1000 խորանարդ մետրի համար 340 ԱՄՆ դոլարով:

«Թուրքիայի հետ մենք ունենք լայնածավալ համագործակցություն գազի ոլորտում: Թուրքիայի հետ մեր առևտրաշրջանառությունը կազմում է 30 մլրդ դոլար, բայց, միևնույնն է, չեմ կարծում, որ գազը այդ գնով լինի: Դրա հետ մեկտեղ պետք է նշեմ, որ պայմանագիրը, որը մենք կնքել ենք նրանց հետ, շատ հստակ է, այսինքն' Թուրքիայի հետ կապված մենք միջազգային գները հաշվի ենք առնում»,- ասաց իրանցի դիվանագետը և միաժամանակ հիշեցրեց, որ դեռ գործում է Իրան-Հայաստան գազ մատակարարելու պայմանագիրը, որի հիմքը եղել է «գազ-էլեկտրաէներգիայի դիմաց» սկզբունքը:

Մոհամմադ Ռեյիսին նկատեց, որ Իրանն ինքը առանձնապես էլեկտրաէներգիայի կարիք չունի, այլապես տարբեր երկրներ էլեկտրաէներգիա չէին արտահանի: «Իրանը կողմնակից է, որպեսզի նպաստենք նրան, որ ինչ-որ կերպ լուծվեն Հայաստանի խնդիրները և դժվարությունները, դեռևս հավատարիմ ենք այդ պայմանագրին»,- հայտարարեց Իրանի դեսպանը:

Իրանի դեսպանն, ըստ էության, հերքեց նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին, որը հայտարարել էր, որ Իրանի դեմ պատժամիջոցների հարցում Հայաստանն իր աջակցությունն է ցուցաբերում ԱՄՆ-ին: Իրանցի լրագրողի դիտարկմանն ի պատասխան, թե դրանից հետո, այնուամենայնիվ, ՀՀ վարչապետը խոսեց Իրան-Հայաստան երկաթգծի մասին՝ գնահատելով Իրանի հետ հարաբերությունները չափազանց կարևոր են, ուստիև՝ ինչ մոտիվացիա ուներ ԱՄՆ դեսպանը՝ նման բան հայտարարելու համար, Մոհամմադ Ռեյիսին նկատեց, որ որևէ մեկը, հատկապես դիվանագետը, իրավունք չունի միջամտելու մեկ այլ երկրի հետ հարաբերություններին և հավելեց, որ ամերիկացիները տարածաշրջանում փորձում են ստեղծել իրանաֆոբիա։

«Հայաստանում շատ լավ գիտեն, որ Իրանն իրենց լավագույն բարեկամն է, և Իրան-Հայաստան հարաբերություններում որևէ փոքրիկ ոչ բարեկամական արտահայտություն չեք տեսնի»,- ասաց դեսպանը՝ ընդգծելով, որ դժվար պահերին է, որ ի ցույց են հանվում բարեկամն ու թշնամին:

Նա նաև նշեց, որ ի հակադրություն Արևմուտքի կողմից հարուցված մի շարք խնդիրներին, Իրանը տեխնոլոգիական շատ մեծ առաջընթաց է ապրում:

Իրանի իսլամական դեսպանատանը հրավիրված հանդիպման ժամանակ հարց հնչեց նաև Սյունիքի արոտավայրերի մասին, մասնավորապես, արդյոք իրանական կողմը, հաշվի առնելով Հայաստանում բարձրացված դժգոհության ալիքը, չի՞ պատրաստվում հետ կանգնել պայմանագրից:

Մոհամմադ Ռեյիսին նշեց, որ չի կարծում, որ հարցը Հայաստանում նման հնչեղություն է ստացել ու ավելացրեց, որ Սյունիքի արոտավայրերի իրանական կողմին վարձակալության տալը Հայաստանում աշխատատեղեր կստեղծի:

Նա հասկացնել տվեց, որ օրինակ՝ խոսք կարող է գնալ սպանդանոցի մասին, որտեղ մահմեդականների համար ընդունելի՝ ընթացակարգերի պահպանմամբ՝ կարող են «հալալ» մակնշմամբ միս արտահանել Իրան, և առհասարակ, տարածաշրջանի այլ երկրեր:

Լուսանկարը՝ Panarmenian Photo-ի