Ինչպես արդեն հրապարակել էր ԳԱԼԱ-ն, հաջորդ շաբաթ ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ Ազգային Ժողովը հրավիրելու է արտահերթ նիստ: Իսկ ընդհանուր առմամբ հինգերորդ գումարման խորհրդարանի աշխատանքներն ավարտված են: Ինչպե՞ս են աշխատել օրենսդիր դաշտի ներկայացուցիչները, և ինչպիսի՞ն է վերջիններիս գնահատականը: Այս հարցերի շուրջ ԳԱԼԱ-ի լրագրողը զրուցել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հետ: Վերջինս նախ նշել է, որ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավորները այս նստաշրջանի ընթացքում բավականին ակտիվ են եղել: «ԲՀԿ-ական պատգամավորները ոչ միայն այս նստաշրջանի ընթացքում, այլև նախորդ, ու մշտապես ակտիվ գործունեություն են ծավալել բոլոր պատգամավորները: Մշտապես կազմակերպվել են խմբակցության նիստեր, և արդյունավետ գործունեություն են ծավալել, չի եղել որևէ քաղաքական գործընթաց, օրենսդրական նախաձեռնության գործընթաց, որտեղ ԲՀԿ-ն շատ հստակ իր դիրքորոշումը հայտնած չլիներ»,- ասել է Վահե Էնֆիաջյանը:

ԳԱԼԱ-ի այն հարցին, թե ԱԺ-ում կան կոճակ սեղմող պատգամավորներ, ինչպես պնդում է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ԲՀԿ խմբակցության պատգամավորը տվել է հետևյալ պատասխանը. «Նման վերլուծություններ ես չեմ անում, եթե ինչ-որ մի պատգամավոր ՀԱԿ-ից նման գնահատական է տալիս, ավելի լավ է իրենք ասեն, թե ինչու են նման գնահատական տալիս: Հիշեցնենք, որ մեզ հետ զրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, անդրադառնալով ԱԺ-ում պասիվ պատգամավորների որդեգրած դիրքորոշմանը, ասել էր, թե նրանք պարզապես կոճակ սեղմողներ են:

Ընդհանուր առմամբ, ըստ Վահե Էնֆիաջյանի, ԲՀԿ-ն բոլոր քաղաքական գործընթացներին իր դիրքորոշումը հայտնել է: «Մեր գործողությունները եղել են հրապարակային և մեր հասարակության աչքի առաջ»,- եզրափակել է ԱԺ պատգամավորը:

Փայլակ Ֆահրադյան