Lragir.am. Մոլդովայի կոմկուսի առաջնորդ Վլադիմիր Վորոնինը հայտարարել է մինչեւ աշուն կառավարության հրաժարականին հասնելու մտադրության մասին: Մենք այլեւս չենք սպառնում ռեժիմին «թվշյա հեղափոխությամբ»: Մենք ձեռնամուխ ենք լինում դրա իրականացմանը, - հայտարարել է նա: Կոմկուսը մտադիր է անհնազանդության ակցիաներ անել եւ վերջնագիր ներկայացնել:
Պարզ է, թե ինչու աշնանը: Աշնանը Մոլդովան մտադիր է ստորագրել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը, ընդ որում՝ այս երկիրը Եվրամիության կողմից համարվում է «ամենապատրաստը» ստորագրելու համար: Մոլդովան արդեն համաձայնվել է միգրացիոն կետեր տեղակայել Մերձդնեստրի հետ սահմանին, այդ երկրում արդեն քաղաքական մակարդակով դրվում է ԵՄ-ին անդամակցելու խնդիրը:
Եւ ահա, կոմկուսը հայտարարում է «թավշյա հեղափոխության» մասին: Դա նշանակում է, որ նրա հետեւում կանգնած ուժերը կփորձեն իրավիճակը հասցնել այնպիսի քաոսի, որպեսզի ասոցիացիայի ստորագրումը տեղի չունենա:
Չի բացառվում, որ նման սցենարներ կկիրառվեն նաեւ այլ երկրներում, ովքեր պատրաստ են Ասոցիացիային՝ Վրաստանում, Ուկրաինայում եւ Հայաստանում: Ասենք, Վրաստանում նախագահի ընտրությունը նշանակված է այն նույն ժամանակ, երբ պետք է նախաստորագրվի Ասոցիացիան: Դա նշանակում է, որ երկիրը կարող է խնդրել հետաձգել ստորագրումը: Ուկրաինայում նույնպես խառն իրավիճակ է՝ ընդդիմությունը շրջափակել է խորհրդարանը եւ թույլ չի տալիս ընդունել օրենքներ, որոնք անհրաժեշտ են Ասոցիացիայի համար:
Հայաստանում իրավիճակը քիչ ինչ այլ է: Չնայած նրան, որ իշխանությունը հստակ չի հայտարարում եվրոպական կուրսին հավատարմության մասին, սակայն պահում է «եւ-եւ»-ի ինտրիգը: Կա տեսակետ, թե վերջին պահին Սերժ Սարգսյանը «կգցի» Եվրոպային, կան նաեւ կոչեր՝ հետաձգելու ԵՄ հետ համաձայնագրի նախաստորագրումը:
Ինչ խաղ է վարում Սերժ Սարգսյանը՝ պարզ չէ: Կամ նա իսկապես պատրաստվում է վերջին պահին առիթ գտնել եւ հետաձգել նախաստորագրումը, կամ փորձում է «բլեֆ մտնել» Ռուսաստանի հետ, ակնարկելով, որ վերջին պահին կգցի Եվրոպային: Հնարավոր է, պահելով այդ ինտրիգը, նա փորձում է խուսափել «թավշյա հեղափոխության» սցենարից:
Արդյոք Ռուսաստանը Հայաստանում ունի ռեսուրս «թավշյա հեղափոխություն» իրականացնել ընդդեմ Եվրամիության: Հայաստանում ընդհանրապես չկա քաղաքական ռեսուրս՝ այն ցաքուցրիվ է եղել: Միակ ռեսուրսը Սերժ Սարգսյանի կուսակցությունն է, եւ այն փորձում են օգտագործել ինչպես Արեւմուտքը, այնպես էլ Ռուսաստանը, աշխատելով այդ կուսակցության տարբեր թեւերի հետ:
Այսպիսով, «թավշյա հեղափոխությունը» Հայաստանում հնարավոր է միայն ՀՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի միջոցով. եթե ՀՀԿ-ն հետաձգի Եվրամիության հետ ասոցիացիայի նախաստորագրումը, նշանակում է տեղի է ունեցել «թավշյա հեղափոխություն»: Կարեւոր չէ, որ այն տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի ներսում, գլխավորը՝ կփոխվի Հայաստանի արտաքին քաղաքական կուրսը եւ ներքին զարգացման տրամաբանությունը: Ավելի շուտ, կփոխվի փոխելու մտադրությունը, իսկ մնացյալ ամեն ինչ կմնա իր տեղում: 

 

Նաիրա Հայրումյան