Ազատության հրապարակում այսօր առավոտվանից անժամկետ հացադուլի է նստել երրորդ կարգի հաշմանդամ Շամիր Սահակյանը:

ԳԱԼԱ –ի հետ զրույցում վերջինս ասել է, որ ինքը նստել է հացադուլի, որպեսզի ազատամարտիկների սոցիալական վիճակը բարելավվի:

«Կոնկրետ իմ օրինակով ասեմ, որ տնազուրկ եմ, ապրել եմ եղբորս խնամքի տակ, եղբայրս տունը վաճառել է, գնացել է Հայաստանից, ես մնացել եմ օդի մեջ, մինչև այսօր ես ապրում եմ վարձով, ունեմ երկու երեխա: 13 տարի է' դիմում եմ Կառավարությանը, ՊՆ-ին, որ բնակարանային տարածքով ապահովեն: Վերջին անգամ 2011 թվականի հոկտեմբերի 30-ին Վազգեն Սարգսյանի կիսանդրու բացման օրը Ջրվեժի դպրոցում դիմել եմ պաշտպանության նախարարին՝ Սեյրան Օհանյանին իմ խնդրով: Նախարարը տեղեկացել է իմ պահանջների մասին, հանձնարարել է, որ բնակարանը տան: Հաջորդ օրը ՊՆ-ի սոցվարչությունից ինձ կանչել են այնտեղ, ասել են, որ այդ բնակարանը զբաղված է, արի քեզ մի հարյուր հազար տան վարձի գումար տրամադրենք, դու յոլա գնա, մինչև տարվա վերջ քո հարցը կներկայացնենք Կառավարություն, քո խնդիրը կլուծենք: 2011-ից մինչև առ այսօր նույն վիճակում եմ»,- ասել է ազատամարտիկը:

Վերջինս անգամ դիմել է, որպեսզի իրեն գոնե ժամանակավոր կացարան տան, որպեսզի տան վարձ չտա, քանի որ ընդամենը 50 հազար դրամ թոշակ է ստանում, որից 35 000-ը տան վարձ է տալիս, 5000 կոմունալ վճարներն է կատարում, իսկ մնացած 10 հազարով ֆիզիկապես ի վիճակի չէ երկու երեխա մեծացնելու:

Ազատամարտիկն ունի երկու անչափահաս երեխա, մեկը 13 տարեկան է, մյուսը՝ 11: Նրան նաև աշխատանքի չեն ընդունում:

«Որովհետև ողնաշարի երկու գրիժա ունեմ, կանտուզիա ունեմ, անարդարությունների հանդեպ էլ չհամակերպվող եմ, ով իմանում է այդ մասին, ասում է' ախպեր ջան, դու մեր հետ գործ չունես, հեռու մեզանից»,- ասել է Շամիր Սահակյանը: Այս պահին նրան աջակցում են իր մարտական ընկերները և այլ ազատամարտիկներ, ովքեր թեև հացադուլի չեն նստել, բայց նրա հետ նստացույց են անում:

Այսօր Շամիր Սահակյանին այցելել է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը, ով, տեղեկանալով նրա խնդիր մասին, մեզ հետ զրույցում ասել է.

«Այս նստացույցը, ընդհանրապես ազատամարտիկների նստացույցը և այս հացադուլը մասնավորապես խոսում են մեր երկրի իրական վիճակի մասին: Նրանք, ովքեր որ արյուն և քրտինք են ներդրել այս երկրի համար, հայտնվել են մի այնպիսի վիճակում, որ ստիպված են իրենց մասին հիշեցնել հասարակությանը և ավելի շատ իշխանություններին, որ ստիպված են հացադուլի միջոցով լուծել իրենց խնդիրները: Այս երիտասարդը փաստորեն բոլորի փոխարեն հացադուլի նստած երիտասարդ կարելի է դիտարկել»,- ասել է Վարդան Հարությունյանը:

Շամիր Սահակյանին աջակցելու համար Ազատության հրապարակում էր նաև ՊՆ պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը, ով մեզ հետ զրույցում ասել է, որ ազատամարտիկը ինքն է որոշել հացադուլի նստել, իսկ իրենք էլ աջակցում են:

«Մարդը պահանջ ունի և իր պահանջը ներկայացնում է և ճիշտ էլ անում է, որովհետև իր տեսակը պայքարող տեսակ է: Մարդը գտնում է' այդպես է պետք պայքարել, այդպես է պայքարում, մենք ընդունում ենք իր պայքարի ձևը: Մեր կարգախոսն է՝ մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի: Ամեն ինչ անելու ենք, որ բոլորի համար լավ լինի»,- ասել է Վոլոդյա Ավետիսյանը:

Շամիր Սահակյանին աջակցելու համար Ազատության հրապարակ էր գնացել նաև ազատամարտիկ Արա Խուդավերդյանը, ով մեզ հետ զրույցում ասել է:

«Ազատամարտիկների նամակը ուղարկվեց, դիմումի պատասխանն եկավ, մենք ստացանք մեր սպասածը՝ երեք մատի կոմբինացիան: Հիմա ազատամարտիկները մտել են պայքարի նոր փուլ՝ քաղաքական պայքարի հացադուլային փուլն է: Դրանից հետո ինչպիսի պոռթկում և ինչպիսի բխում կունենա այս արհամարհված ազատամարտիկների շարժումը՝ թողնենք Աստծուն»,- ասել է Արա Խուդավերդյանը:

Նշենք նաև, որ ազատամարտիկները իրենց հավաքված վայրում տեղադրել էին բազմաթիվ պաստառներ հետևյալ գրություններով' «Ազատա-Մարտ 2», «»Զինծառայողին արժանապատիվ կենսաթոշակ», «Փողով պատիվ չես գնի» և այլ կարգախոսներ:

Տեսանյութը դիտել այստեղ:

Լիլիթ Թադևոսյան