Ինդոնեզիայի Հորոնտալո նահանգի նահանգապետը հրամայել է աշխատանքից ազատել բոլոր քարտուղարուհիներին և փոխարինել տղամարդկանցով' երկրում հաճախակիացող արտամուսնական կապերի պատճառով. գրում է Russia Today-ը:

Նահանգապետ Ռուսլի Հաբիբին հայտարարել է, որ հարկադրված է արգելել կանանց զբաղեցնել քարտուղարուհու պաշտոնները, քանի որ նրանց տնօրենները ծառայողական սիրավեպեր են ունենում քարտուղարուհիների հետ:

«Նրանք իրենց քարտուղարուհիներին շատ ավելի լավ են վերաբերվում, քան սեփական կանանց. ծաղիկներ են նվիրում, օծանելիքներ, իսկ խեղճ կանայք բավական չէ, որ խաբված են, մյուս կողմից էլ զրկվում են ուշադրությունից: Այս պատճառով ես ստիպված եմ նման օրենք ընդունել և բոլոր քարտուղարուհիներին փոխարինել տղամարդկանցով կամ տարեց կանանցով, ովքեր արդեն չեն կարող գայթակղել տղամարդկանց»,-ասել է նահանգապետը:

Նշենք, որ մեկ տարի առաջ ինդոնեզական իշխանությունները ստեղծել էին հատուկ կանացի գնացքներ, որպեսզի կանայք իրենց ներկայությամբ չգայթակղեն տղամարդկանց: Իսկ 2013 թ. հունվարին մայրաքաղաք Ջակարտայում կանանց արգելվեց մոտոցիկլետ վարել, քանի որ կնոջը հարիր չէ տղամարդու նման ոտքերը իրարից հեռու բացել: