2014-2016 թվականներին կառավարությունը մտադիր է բարձրացնել միջին ամսական կենսաթոշակի չափը: Այս մասին հստակ գրված է Միջնաժամկետ ծախսային ծրագրի նախագծում: Բայց ներկայացված թվերը, մեղմ ասած, այդ հավաստիացմանն այնքան էլ չեն համապատասխանում: Փաստաթղթում գրված է, որ 2014թ.-ին միջին ամսական կենսաթոշակի չափը կհասցվի 17 366 դրամի’ ներկայիս 16 221 դրամի դիմաց, 2015թ.-ին այն կավելանա եւս 2 600 դրամով’ հասնելով 19 904 դրամի, իսկ 2016թ.-ին այն դարձյալ կպակասի 105 դրամով’ կազմելով 19 799 դրամ:

Բանն այն է, որ ինչպես կանխատեսում են կառավարությունում, կենսաթոշակառուների թվաքանակն առաջիկա տարիներին կաճի, բնականաբար նաև նվազեցնելով նրանցից յուրաքանչյուրին հասանելիք գումարի չափը:

Այսպես. եթե այսօր հանրապետությունում կա 50691 թոշակառու, ապա հաջորդ տարի այդ թվին կավելանա ևս 2473 մարդ, իսկ 2015-2016 թվականներին' 728- ական մարդ:

Բայց կառավարությունում լավատես են և հենց այդ լավատեսությամբ էլ 2014-2016թթ-ին կենսաթոշակների ոչ թե նվազում, այլ աճ են ակնկալում:

Իսկ կառավարության լավատեսության հիմքում 2014թ-ից ներդրվող «Կենսաթոշակային ապահովություն (պարտադիր կուտակային համակարգ)» ծրագիրն է, որի շնորհիվ կառավարությունը հույս ունի ազդել նաեւ կենսաթոշակների չափի վրա:

Բայց մինչ այս ծրագիրը կներդրվի և արդյունք կտա, որը տեսանելի կլինի նաև թոշակառուների համար, այն նախ ինքն է մի քանի տասնյակ միլիոնի ծախսեր պահանջում:

«Կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման ապահովում» ծրագիրը կառավարության հաշվարկով 2014թ-ին պետական բյուջեին կարժենա 20 855 800 դրամ, 2015-ին' 26 820 100 դրամ և 2016-ին' 32 641 700 դրամ:

Ավելորդ չէ նշել, որ մեր կառավարությունն ընդհանրապես բավական առատաձեռն է տարբեր ծրագրերի ներդրման ֆինանսավորման հարցում:

Օրինակ, նույն կուտակային կենսթոշակի համակարգին անցնելու համար նախատեսվում է կենսաթոշակային համակարգի տեղեկատվական նոր շտեմարան ձևավորել: Եվ այս ծրագրի տարեկան արժեքը 42 մլն դրամ է: Այսինքն առաջիկա 3 տարվա համար 126 մլն դրամ:

Իսկ բուն ծրագրի ներդրման արժեքը 2014թ կազմելու է 20.85 մլրդ դրամ, 2015 թ.-ին' 26.82 մլրդ, իսկ 2016 թ.-ին' 32.61 մլրդ դրամ:

Համեմատության համար նշենք, որ նույն 2014թ-ին միջին ամսական կենսաթոշակների վճարման համար հատկացված գումարը կազմելու է 404 մլրդ 674 մլն դրամ, 2015թ.-ին' 425 մլրդ 593 մլն դրամ և 2016թ.' 461 մլրդ 968 մլն դրամ:

Հեղինակ:
Նելլի Դանիելյան