Հանրային տրանսպորտի ուղեվարձի բարձրացման հայտ ներկայացրած գծատերերի գլխավոր փաստարկներից մեկը էներգակիրների թանկացումն է: Մասնավորապես, որ 1996 թվականից հետո էներգակիրները մի քանի անգամ թանկացել են դրա հետ նաև՝ կյանքը, բայց ուղեվարձը նույնն է մնացել:

 

Սակայն, եթե նկատի ունենանք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան կատարած այցի շրջանակներում հայ-ռուսական համաձայնագրերի կնքումից հետո բարձրաձայնվեց ապագայում ՌԴ–ից Հայաստան մտնող մի շարք ապրանքների՝ նավթամթերքների ավիավառելիքի, բենզինի, դիզվառելիքի, ադամանդի հումքի՝ էական էժանացումների մասին, ապա այստեղ գործ ունենք նոր իրավիճակի հետ:

 

Այսինքն՝ թվում է, որ բավարար կարևոր պայման է, անգամ ինչպես ընդունված է քրեական իրավունքի մեջ՝ իրադրության փոփոխություն, որը պետք է արժանանա ուղևորափոխադրող ընկերությունների, ինչպես նաև նրանց թանկացման հայտը ուսումնասիրող Երևանի ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման և կիրառման մեխանիզմների քննարկման նպատակով ստեղծված Երևանի քաղաքապետարանի հանձնաժողովի ուշադրությանը:

 

Առանձին փորձագիտական գնահատականներով՝ («Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում՝ «ՀՀ-ի տնտեսական տեսլականը» վերտառությամբ հոդվածում) վառելիքի ծախսը ուղևորափոխադրման ինքնարժեքում ընդամենը 20-25 տոկոս է կազմում, մինչդեռ ուղևորափոխադրողները ուղեվարձի 50%-ի թանկացման հայտ են ներկայացրել:

 

Tert.am-ը վերը նշված հարցադրումները ներկայացրեց «Փոխադրողների միության» նախագահ Հրանտ Եղիազարյանին, որը նախ բարկացավ՝ ասելով «գներին տեղյա՞կ եք», ապա մի քանի իրարամերժ պատասխաններ տվեց:

 

Մասնավորապես, նախ, Հրանտ Եղիազարյանը հարցրեց՝ «ինչ գնով են մեզ այսօր վաճառում գազը», ապա պատասխանեց.«Այսօր Ռուսաստանը Հայաստանին գազը վաճառում է 189 դոլար (1000 խմ), սպառողին այն հասնում է 390 դոլարով (1000 խմ): Պա՞րզ է»։

 

Ի պատասխան հարցադրման, որ մեքենաները ի սկզբանե նախատեսված չեն եղել գազով աշխատելու համար, ունեն շարժիչ, որը կարող է աշխատել ինչպես դիզվառելիքով, այնպես էլ գազով, որին տնտեսվարող սուբյեկտները անցում էին կատարել ելնելով նախկինում գազի գնի՝ դիզվառելիքի համեմատ էժանությունից, հետևաբար, հնարավոր է՝ հիմա էլ, այս նոր իրադրությունից ելնելով՝ կրկին վերադառնան դիզվառելիքին, Հրանտ Եղիազարյանն ասաց.«Բենզինը 3 անգամ ավելի թանկ է, քան գազը, դրա համար ողջ տնտեսությունը տեղափոխվել է գազային տարբերակին»:

 

Ըստ նրա՝ օրական 6 երթ կազմակերպելու համար անհրաժեշտ է 30-35 հազար դրամի դիզվառելիք՝ կախված շարժիչի տեսակից: Համեմատության համար, սակայն, Հրանտ Եղիազարյանը չնշեց գազով աշխատելու դեպքում նույն քանակով երթեր կազմակերպելու համար որքան կկազմի ծախսը, միայն ասելով.«Համեմատաբար էժան»:

 

Հրանտ Եղիազարյանը նաև ասաց, որ խիստ հոռետես է, քանի որ նախ հայտարարեց՝«դիզվառելիքը չի էժանանալու, մոռացե՛ք այդ մասին», ապա ավելացրեց.«Եթե էժանանա, մենք ավելի էժան կսպասարկենք»:

 

Ուղևորափոխադրողների միության նախագահը հավելեց, որ դիզվառելիքին անցում կատարելու դեպքում ուղեվարձի ինքնարժեքում վառելիքը կազմում 65-70%, իսկ գազի դեպքում՝ 40%:

 

Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը Tert.am–ի հետ զրույցում ևս համաձայնեց, որ Հայաստանի ու «Ռոսնեֆտ»-ի միջև կնքված համաձայանգրով իրավիճակ է փոխվել, որը, անպայման, պետք է ուշադրության արժանանա:

 

«Մարդկային ագահությունը երկրագնդի երեսից դեռ ոչ ոք չի վերացրել. քանի կա մարդ, կա ագահություն, և այստեղ, երբ հաշվում եք, հաշվում եք զուտ թվաբանական իմաստով՝ հաշվի չառնելով ագահության գործոնը»,- Հրանտ Եղիազարյանի հայտարարությունը մեկնաբանեց տվեց Հարություն Մեսրոպյանը՝ ավելացնելով, որ եթե անգամ բոլոր գներն էլ իջեցվեն, միևնույն է՝ այդ ագահությունն իր դերը կխաղա:

 

Հարություն Մեսրոպյանն ասաց, որ մի քանի անգամ ուսումնասիրել է ուղևորափոխադրման գնագոյացման թվերը: «Եթե հիշում եք՝ ընդհուպ մինչև 200 դրամ պետք է լիներ, չէ՞, ուրեմն ինձ ինչ «դուր» եկավ այնտեղ: Նախ, տպավորությունն այնպիսին է, որ եթե Հայաստանում անգամ կես մարդ նորմայից ավել նստի, դա ուղղակի արգելվում է և լուրջ վերահսկվում է, այնինչ շատ լավ գիտենք, թե ինչպես է փոխադրամիջոցը (գերբեռնված – Tert.am) տեղափոխում մարդկանց»,- նկատեց փորձագետը:

 

Փորձագետի ամփոփմամբ՝ պետք է միշտ իմանալ, եթե մարդիկ ձգտում են զբաղվել ինչ-որ բիզնեսով, ապա հաստատ ոչ բարեգործական նպատակներով և կոնկրետ այս ոլորտում գործ ունենք գերշահույթի հետ:

 

«Այնտեղ կան թաքնված շահույթներ, գերշահույթներ, որոնք մի քանի տեսակի են՝ ակնհայտ և թաքնված: Եվ տրանսպորտայինը այն ոլորտն է, որտեղ թաքնված շահույթները մի քանի ասպեկտներով են, և մեկը հենց գերբեռնված ուղևորափոխադրումն է: Այսինքն՝ ամեն մի փաստարկ կբերվի ու երբեք ազնվորեն չի ասվի՝ որոնք են բոլոր՝ դեպի գերշահույթ միտված գնագոյացման պատճառները: Ես ասացի պատճառներից մեկը, բայց կան լիքը պատճառներ»,- ամփոփեց փորձագետը:

 

Նա ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքի համար, որ եթե ամեն ինչ այդքան վատ է, այդքան անշահույթ, ինչպես պնդում են գծատերերը, ապա ինչո՞ւ այս ընթացքում ոլորտից շատ-շատերը չհեռացան: