Galatv.am. Դաշնակցության ներսում ծայր առած ենթադրյալ ներքին խմորումների մասին մամուլում վերջին շրջանում շրջանառվում են տարբեր պատճառներ ու մեկնաբանություններ: Կարծիքներից մեկն այն է, որ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը օրերս իր ելույթներից մեկում նշել էր, որ ժամանակն է Թուրքիայից պահանջել փոխհատուցում և նկատել այդ պահանջի իրավական ամուր հիմքեր ձևավորելու անհրաժեշտությունը: Ու քանի որ Աղվան Հովսեփյանն, ամենայն հավանականությամբ, աշնանն այլևս չի պաշտոնավարի և ենթադրվում է, որ իր գործունեությունը կշարունակի որպես «պահանջատեր», որի լիազորությունները կարծես թե «ՀՅԴ»-ինն են, ուստի այս նորությունը ներքին խժդժություններ է առաջացրել կուսակցության ներսում, և վերջիններս մտածում են կուսակցության ներսում կադրային փոփոխությունների մասին:

ՀՅԴ բյուրոյի հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը նշում է, որ Դաշնակցությունը չունի մտավախություն, որ ինչ- որ մեկն իրենցից կտանի իր գործը, քանի որ Հայ դատի պաշտպանությունը մոնոպոլիա չէ: Ավելին, նա գտնում է, որ եթե Հովսեփյանն ունի նույն մոտեցումներն ու ցանկությունները' կապված Հայ դատի պաշտպանության հետ, ապա դա շատ ավելի լավ է: Մանոյանը պնդում է, որ նոր բան չկա կուսակցության մեջ, նորմալ գործընթացներ են, ինչպես միշտ է եղել. «Ենթադրվում է, որ Հայաստանում սովորական, նորմալ կուսակցություններ չկան, դրա համար մարդիկ զարմանում են, թե ինչ է կատարվում»,- կարծիք է հայտնում դաշնակցականը:

Մեկ այլ մոտեցմանբ, որն արտահայտել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, Դաշնակցության ներսում խմորումներ չկան, ուղղակի վարչապետ Տիգրան Սարգսյանը կուսակցությանը պատերազմ է հայտարարել ու Դաշնակցության ներսում ներքին խմորումների մասին կեղծ խոսակցություններն էլ հենց նրա «ձեռքի գործն է»: Սրան հակադրվում է մեկ այլ մոտեցում' Հրանտ Մարգարյանի հայտարարությունը առանց այն էլ անընդհատ «ինչ- ր պատմությունների մեջ հայտնվող» վարչապետի դեմ ուղղված հայտարարության: Սակայն Կիրո Մանոյանը նշում է, որ ինքը շարունակում է մնալ Դաշնակցության բյուրոյի կողմից ասված կարծիքին և հավելում, որ իրենք Տիգրան Սարգսյանին մի շարք հիմնավոր հարցերում մեղադրել են, վերջինս էլ այս տարբերակն է ընտրել իրենց պատասխան տալու համար:

Մեկ այլ մոտեցմամբ' Դաշնակցությունն անընդհատ պարտվում է ընտրությունների ժամանակ, ինչը առիթ է տալիս կուսակցության ներսում մտածելու, որ այդ պարտությունների պատճառը հենց Դաշնակցության և նրա վերնախավի սխալ քաղաքականության արդյունք է, և կուսակցության հերթական պարտությունը տեղի ունեցավ օրեր առաջ' Պռոշյանի գյուղապետի ընտրությունների ժամանակ:

Դաշնակցական Արտյուշա Շահբազյանը հակադրվում է այս կարծիքի հետ և նշում, որ Դաշնակցությունը Պռոշյանում չի պարտվել: «Իսկ դուք գտնում եք, որ Դաշնակցությունը Պռոշյանում պարտվե՞լ է: Այնտեղ ընտրություններ եղե՞լ են, որ մի հատ էլ Դաշնակցությունը պարտվի: Մենք հնարավորինս վերահսկողություն ենք սահմանել, որ ամեն ինչ նորմալ անցնի, բայց հիմա ընտրությունները այլևս ընտրատեղամասերում չեն կատարվում, այլ դրանցից հեռու վայրերում: Հո չենք գնալու' մտնենք մարդկանց տներն ու տեսնենք, թե ում ինչքան տվեցին: Կամ ինչպե՞ս կարող ենք մենք վերահսկել իշխանության ձեռքում եղած լծակները»,- խոսքը սահմանափակում է Շահբազյանը:

Արաքս Մամուլյան