Galatv.am. Հանրային տրանսպորտի ուղևորավարձի բարձրացման դեմ ուղղված դժգոհության ալիքը պետք է տրանսֆորմացնել այդ համակարգում արմատական բարեփոխումներ անցկացնելու պահանջի: Այդ պահանջը դնելու բոլոր հիմքերը առկա են, պարզապես խայտառակություն է, որ 21-րդ դարում մայրաքաղաք Երևանում հանրային տրանսպորտը այսքան անմխիթար է և կոռումպացված: Նույնիսկ ոչ մասնագիտական հաշվարկները ցույց են տալիս, որ հանրային տրանսպորտի թանկացումը կարելի է օգտագործել առավել խորքային գործընթացներ սկսելու համար: Այստեղ ոչ այնքան գումարի խնդիրն է, որքան հանրային տրանսպորտի համակարգի նկատմամբ կոնցեպտուալ վերաբերմունքի: Հավանաբար որևէ մեկը Երևանում երջանիկ չէ, որ ամեն օր աշխատանքի է գալիս՝ իր մարդկային արժանապատվությունը «գազելներում» ինքնակամ նվաստացնելով: Ու ամենևին կարևոր չէ, թե դրա համար 100, թե՞ 150 դրամ ես վճարում:

Այն, որ հանրային տրանսպորտի ուղևորավարձը 50 տոկոսով թանկացնելը որևէ տնտեսական հիմնավորում չունի, աներկբա է: Այդպիսի հիմք կարող է հանդիսանալ համակարգում արմատական բարեփոխումներ անցկացնելը, սակայն այս պահին ոչ ակտիվ հասարակության կողմից, ոչ էլ իշխանությունների կողմից նման բարեփոխումներ անցկացնելու պահանջ և նպատակ չի դրվում:

Ոչ պաշտոնական հաշվարկներով օրական Երևանում հանրային տրանսպորտից օգտվում է միջինը 600 հազար մարդ: Ուղևորավարձը 50 դրամով թանկացնելու դեպքում ստացվում է, որ օրական հավելյալ մուտքերը կազմելու է մոտ 30 միլիոն դրամ կամ 75 հազար դոլար: Ամսական կտրվածքով այն կազմում է շուրջ 2,2 միլիոն ԱՄՆ դոլար:

Այսինքն այն լիարժեք հնարավորություն է տալիս լիարժեքորեն արդիականացնել Երևան քաղաքի տրանսպորտային պարկը, հրաժարվել

«գազելներից»՝ դրանց փոխարեն քաղաքացիների սպասարկման համար ներդնել ժամանակակից ավտոբուսներ: Օրինակ բելոռուսական արտադրության, բավականին բարձր որակի МАЗ 103 մոդելի ավտոբուսը, որի տարողունակությունը կազմում է 90/100 ուղևոր, շուկայում արժե 4.104.690 ՌԴ ռուբլի (http://mazbus.ru/maz_103.html), ինչը դոլարային արտահայտությամբ կազմում է շուրջ 135 հազար ԱՄՆ դոլար: Ուղևորավարձը 50 դրամով ավելացնելու դեպքում կարելի է մայրաքաղաքի տրանսպորտային պարկը համալրել ամսական 16 հատ МАЗ 103 մոդելի բարձր որակի ավտոբուսներով: Բնականաբար կարելի է ձեռք բերել նաև այլ մոդելի ավտոբուսներ, որոնց տարողունակությունը ավելի մեծ է, այս դեպքում, օրինակ, МАЗ 205 մոդելի ավտոբուսի շուկայական արժեքը կազմում է 7.447.630 ՌԴ ռուբլի (250 հազար ԱՄՆ դոլար): Այս դեպքում կարելի է ձեռք բերել ամսական մոտ 10 հատ բավականին մեծ ավտոբուս: Իհարկե կարելի է ընտրել նաև տարբեր մոդելների և տարբեր տարողունակության այլ ավտոբուսներ՝ մայրաքաղաքի պահանջները հաշվի առնելով: Միջինացված թվերով տարեկան հնարավոր է այդ 50 դրամի հաշվին ներկրել ավելի քան 140 նոր ավտոբուս:

Միայն բարձրացված 50 դրամի միջոցով ընդամենը 5 տարվա ընթացքում հնարավոր է մայրաքաղաքը ամբողջովին մաքրել «գազելներից»: Իսկ ամենակարևորը՝ քաղաքացիները ստանում են արժանավայել և անվտանգ հանրային տրանսպորտ: Բնականաբար այդպիսի ավտոբուսների առկայությունը ենթադրում է նաև հանրային տրանսպորտի համակարգում քարտային տեխնոլոգիաների ներդրում և թափանցիկության ապահովում հանրային տրանսպորտից ստացված գումարների գործընթացում: Միևնույն ժամանակ պետք է ստիպել, որ այդ գործընթացը սկսեն անմիջապես, ասենք հենց հաջորդ ամսից սկսած և ամեն ամիս Երևանի քաղաքապետը պետք է հաշվետվություն ներկայացնի ներկրված ավտոբուսների վերաբերյալ:

Հասկանալի է, որ նման գործընթաց սկսելու համար հանրային տրանսպորտի համակարգում անհրաժեշտ են լուրջ կառուցվածքային փոփոխություններ: Միանշանակ է նաև, որ չի կարելի թույլ տալ, որ Երևանի քաղաքապետարանը իր հայեցողությամբ տնօրինի այդ հավելյալ ֆինանսական հոսքերը, կոռուպցիոն ռիսկերը բավականին բարձր են, անհրաժեշտ է հանրային լուրջ վերահսկողության մեխանիզմ:

Այս դեպքում իշխանության բարձրագույն օղակները պետք է հրաժարվեն «գծերից» ստացվող ստվերային հսկայական գումարներից, սակայն աներևակայելի է, որ նրանք ի վիճակի կլինեն այդ գումարներից հրաժարվել: Ուստի հանրային դժգոհության ալիքը պետք է կենտրոնացնել հենց այս ուղղությամբ՝ պահանջելով, որ Երևանի քաղաքապետարանը անհապաղ ձեռնարկի տրանսպորտային համակարգի արմատական ռեֆորմներ: Հավանական է, որ հանրային պարտադրանքով նախաձեռնված ռեֆորմները ավելի լուրջ հետևանքների հանգեցնեն իշխանությունների համար: Այդ պատճառով է, որ իշխանությունը հնարավորինս խուսափում է կպչել իրենց համար «կթու կով» դարձած հանրային տրանսպորտի ներկայիս նեխած և կոռումպացված համակարգին: Իսկ հասարակության խնդիրն է գրավել իշխանության «միջնաբերդերից» մեկը, ինչը էականորեն կթուլացնի գործող իշխանությունների դիրքերը, միայն ուղևորավարձի իջեցման վրա կենտրոնացնելով պայքարը՝ պահանջելով սակագնի մեխանիկական նվազում, առավելագույնը կարելի է հասնել գործող հանրային տրանսպորտային համակարգի պահպանմանը:

Դերենիկ Մալխասյան