Արդեն երեք օր նստացույց անողներն այսօր որոշել էին օգտագործել Քաղաքապետարանի ընձեռած հնարավորությունը և գորգ լվանալ Քաղաքապետարանի շենքի դիմաց: Միջոցառումը նախատեսված էր ժամը 13.00-ին:

Տեղում գտնվող ակտիվիստները հայտնեցին, որ այդ միջոցառմամբ առանձին խումբ է զբաղվում: Իսկ 15-20 րոպե անց Քաղաքապետարանից անջատեցին ոռոգման ջուրը՝ հավանաբար, գորգի լվացումը կանխելու համար: Ինչպիսի անբարեխիղճ մոտեցում… Երևում է՝ 50 դրամից տուժած օլիգարխները ոչ մի կերպ չեն համակերպվում իրենց պարտության հետ: Առավել հետաքրքրական է Հանրապետական խմբակցության ղեկավար, բայց հոգու խորքում՝ երթուղագծերի սեփականատեր, մեծարգո պրն. Գալուստ Սահակյանի մոտեցումն ու տեսակետը այս հարցի շուրջ, ով բավականին լուրջ վնասների է ենթարկվել՝ նախատեսված 150 դրամի փոխարեն քաղաքացիներից կրկին 100 դրամ վերցնելու արդյունքում, բայց ճարպկորեն փորձում է թաքցնել: Նա չի վհատվում և չի տխրում:

Թերթերից մեկին տված հարցազրույցում Գալուստ Սահակյանը մի շարք մտքեր է հայտնել։ Մասնավորապես՝ թղթակցի այն հարցին, թե արդյոք չի կարծում, որ նոր սակագների չեղյալ հայտարարմամբ ամեն բան ոչ թե վերջանում, այլ նոր է սկսվում, նա պատասխանել է. «Դե՛, բնական է, եթե մարդիկ մտածում են, որ հաղթել են... Յուրաքանչյուր մարդ, ով իր մեջ հաղթանակի իմիտացիա է ստեղծում, նաև շոկի մեջ է ընկնում։ Դա արդեն ես համարում եմ այլանդակ մոտեցում։ Սա ավելի շուտ համայնքային իշխանության և հասարակության միավորվելու առաջին փորձերից է, քան՝ որևէ պահանջ ներկայացնելու կամ պահանջատիրության։ Իսկ դա նորմալ գնահատելի երևույթ է։ Կարծում եմ, որ դեղնակտուցները կսովորեն առաջիկայում: Երևանի ընտրյալ քաղաքապետը ունկնդիր է նաև իրենց առաջարկներին, Երևան քաղաքի բնակչության խնդիրներին»։

Ըստ էության, Գալուստ Սահակյանը խիստ դժգոհ է այն փաստից, որ այսուհետ բավարարվելու է միայն շահույթով, ոչ թե՝ գերշահույթով։
Չեմ կարող հիացմունք չհայտնել երիտասարդ ակտիվիստների առթիվ, որոնք, փաստորեն, կործանեցին պրն. Սահակյանի ու տրանսպորտի գծով նրա գործընկերների ախորժակը: Սակայն, այս պարագայում իսկապես պետք է ափսոսալ, որ ոմանք էլ տուժեցին իրենց անհեռատեսության պատճառով։ Քանի որ հայերը բարի ժողովուրդ են, հետևաբար, ոչ մի հայ չի ուրախանա Գալուստ Սահակյանի, նրա խորհրդարանական գործընկերների և ճոխ ու էլիտար սեղանների սեղանակիցների կրելիք վնասների համար։

Հ.Գ. Մեծարգո՛ գծատերեր, և ոչ միայն, չսխալվեք մյուս անգամ: Եվ առհասարակ, ապրե՛ք ներդաշնակ ձեր երկրային ու աստվածային իրավունքների հետ՝ բայց նախապատվությունը տալով երկրորդին։

Լենա Մկրտչյան