Քրեօլիգարխիկ համակարգի ներկայացուցիչները օրենքի առաջ հավասար չեն և հնարավոր չէ նրանց սանձել: Հետևապես' փակ շուկայի շուրջ ստեղծված իրավիճակը խոսում է անիշխանության և իշխանության անզորության մասին: Այս կարծիքը այսօր' սեպտեմբերի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:

 

«Օրենքը չի գործում, երկրի իշխանությունները մեջքերով են գալիս իշխանության, հետեւաբար չեն կարողանում նրանց սանձել՝ լինի դա Փակ շուկան, Կոմիտաս-5-ը, թե Սայաթ Նովան»,- նշեց Ալավերդյանը:
Իսկ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը դեմ չէ Փակ շուկայի վերակառուցմանը: Ըստ նրա' պատմամշակութային արժեքը պահպանելով' հնարավոր է ստեղծել նաև հարյուրավոր աշխատատեղեր: Ավետիսյանը վստահեցրեց, որ ինքը տեսել ու շինարարի աչքով համոզվել է, որ Փակ շուկայի հիմքերը վաղուց արդեն խարխլված են: Նրա կարծիքով' չնորոգելու դեպքում դրանք կարող էին կանգնել փլուզման վտանգի առաջ:
ՀՀԿ-ական պատգամավորը գովելի է համարում քաղաքացիական շարժումը, բայց պատվիրատուի ձեռագիր է երևում:

 

«Կան ակտիվիստներ, որոնք ճարտարապետությունից բան չեն հասկանում, բայց որպես ճարտարապետ են խոսում»,- նկատեց Սուքաս Ավետիսյանը:


Տաթևիկ Աբրահամյան