Այսօր Ամասիայի բնակիչներից մեկը' Հրանտ Գրիգորյանը, Aravot.am-ի հետ զրույցում իր մտահոգությունները հայտնեց այն մասին, որ Ամասիան գրեթե լրիվ դատարկվում է: «Երիտասարդությունը լրիվ դուրսն է, հլը մի կողք բոլորդ նայեք, մի երիտասարդ դեմք կտեսնե՞ք, չկա էդպիսի մի ընտանիք, որի ջահելը դրսում չլինի ու իր ընտանիքի կեսը իր հետ տարած չլինի: Դարը փոխվել է, առաջ գնալու տեղը հետ ենք գնում, պատճառը ի՞նչն է, իհարկե, մեր երկրի ղեկավարությունն է: Ղեկավարել չգիտեն», -ասաց ծերունին: Մենք ճշտեցինք' մաքսային միությանն անդամակցելը առա՞ջ գնալ է, թե՞ հետ: «Յուրաքանչյուրս մեր կաշվի վրա զգում ենք վտանգը, եթե չմտնենք Ռուսաստանի կազմի մեջ, 1-2 տարի հետո մեզ կհոշոտեն»,- համոզված ասաց մեր զրուցակիցը:

Իսկ ո՞վ կհոշոտի, հարցրեցինք: «Ամերիկան, հազար թշնամի ունենք և Թուրքիան, և Ադրբեջանը: Բացատրեմ ինչո՞ւ է մեզ հեշտ հոշոտելը, մեր երկրի ուղեղները դուրս են տանում արտասահման, ստեղ մնում է ժողովրդի տականքը, վատ իմաստով չեմ ասում տականքը, հանկարծ որևէ մեկը թող չվիրավորվի, ի նկատի ունեմ չկարողացողը, ուժ չունեցողը: Մեր էսօրվա ջահելությունը մաղվել է ջուրը, ուսանողությունը սովորելու փոխարեն միանգամից թողնում, գնում է ուրիշ տեղ»: Իսկ ո՞ւր են մեծամասամբ արտագաղթում ամասիացիները: «Մեծամասամբ Ռուսաստան, Ռոստով, հետո Կրասնոդար, հայերը մեծ տոկոս են կազմում էդ քաղաքներում' ռուսների համեմատությամբ: 15-20 տոկոսով հայերը ավելի շատ են ռուսներից: Զատո Մոսկվան էլ մեր տունն է: Գազի թանկացման պահով էլ կասեմ, որ Պուտինը Հայաստանի քթին զարկեց, թե դու անպայման պետք է ենթարկվես մեզ, ոչ թե դուրս գնաս, եթե չես ենթարկվում գազը, կթանկացնենք: Հազար երանի էն ժամանակ, յուրաքանչյուր անձը ամիսը տալիս էր 25 կոպեկ գազի օգտագործման համար, թե ինչքան էինք վառում, քանակ չկար: Նայեք, էդ կաթսայատունը, դա կենտրոնական կաթսայատունն էր (տես լուսանկարում), որը սպասարկում էր ամբողջ ռայոնին, մի վայրկյանում թալանեցին: Մեր մեղքը մեր մեջ պիտի փնտրենք, ոչ թե ռուսի»,- ասաց մեր զրուցակիցը: Մոտենալով մեկ այլ ամասիացու' հարցրեցինք' ի՞նչ կասի մաքսային միությանն անդամագրվելու մասին, ոնց որ թե վերադառնում ենք Սովետական միություն, հա՞:

Շարունակությունն`այստեղ: