a1plus.am 3 ամիս առաջ մթերած ծիրանի գումարի մի մասը՝ մոտ 3.5 մլն դրամ, «Սպայկա» ընկերությունը դեռ չի վճարել: Ահազանգում են Արարատի մարզի Ջրաշեն գյուղի բնակիչները: Նրանք ծիրան են մթերել՝ բանավոր պայմանավորվածությամբ ու խաբվել։

Պավլիկ Մարտիրոսյանն ասում է. « Առաջին օրը տվելա 2 մլն, 2րդ օրը տվելա 2 մլն, 3-րդ օրը 10-15 հոգու ներկայությամբ 6 մլն փողա տվել, իրա մոտ էլ գրելա։ Ես ասեցի՝ էս բավարար չի, ասեց՝ էսօր յոլա գնա, վաղը կուղարկեմ մնացածը։ Ըտենց ձգեց, խաբեց, 3 ամիս»։

Պավլիկ Մարտիրոսյանը միջնորդ է եղել «Սպայկա» ընկերության ու Ջրաշենի գյուղացիների միջեւ, եւ հենց նրա պարտականությունների մեջ է գումարը գյուղացիներին փոխանցելը։ Այսօր նա կանգնել է փաստի առաջ։ Ջրաշենցիները իրենց բերքի գումարը հենց նրանից են պահանջում։

Ջրաշենցիներից Հայրապետ Գրիգորյանն ասում է. «Հիմա Պավլիկին դիմում եմ, ասումա՝ «Սպայկան» չի տվել, ես էլ «Սպայկա»-ից ոչ մեկի չեմ տեսել, իրանից եմ ուզում իմ փողը»։

Հայրապետ Գրիգորյանին հասանելիք գումարը ամենամեծն է՝ 1,5 մլն դրամ: Նա 3 միլիոն դրամ վարկ ունի, որը չգիտի՝ ինչպես մարի;

«Իրա միակ եկամուտը իրա այգինա, որ ինքը մշակեց ամբողջ տարի, դրեց իրա գումարները , էսօր փաստորեն անտեղի»,- ասում է համագյուղացի Արայիկ Գրիգորյանը։

Պավլիկ Մարտիրոսյանը ստիպված գնացել է «Սպայկա» ընկերություն՝ գյուղացիների գումարները ստանալու, որտեղ նրան մեծ անակնկալ են մատուցել՝ ներկայացրել են փաստաթղթեր, իբր մթերած բերքի ամբողջ գումարը վճարված է։

«Երվանդին տեսա, ասումա՝ Պավլիկ, էդտեղ ինչ գրած՝ գրածա... ասում եմ դու ինձ 6 միլիոն ես տվել, ինչիա գրած 8 մլն, ասումա՝ ըտենցա, ասելիք չունի, էլի»։

Տեղի ունեցածի վերաբերյալ փորձեցինք բացատրություններ ստանալ հենց «Սպայկա» ընկերությունից։ Ընկերությունից համաձայնեցին խոսել միայն հեռախոսով։ Գյուղացիներին արդեն հայտնի Երվանդ անունով ընկերության ներկայացուցիչը պնդեց, որ իրենք որեւէ մեկին պարտք չունեն։ Խոսքը փաստաթղթերով ապացուցելու համար պաշտոնական հարցում պահանջեցին, որին ի պատասխան ստացանք հետեւյալը. «Տեղեկացնում ենք, որ ՍՊԱՅԿԱ ընկերությունը ամբողջությամբ կատարել է Արարատի մարզի Ջրաջեն գյուղից իրականացված մթերումների հետ կապված իր պարտավորությունները»։

Գրությանը կից որեւէ փաստաթուղթ չստացանք։ Ի դեպ, իրենց բերքը մթերելու գործընթացը ջրաշենցիները իրականցրել են առանց որեւէ փաստաթղթի։ Ասում են՝ ամեն ինչ բանավոր պայմանավորվածության հիման վրա է եղել՝ գյուղապետի ներկայությամբ։

«Գյուղապետի հետ գնացել ենք իրանց մոտ, էլի նույն բանը, բոլորը վախենում են իրանցից, մեծամեծ մարդկանց երեխաներն են այնտեղ փայատեր»,- ասում է Պավլիկ Մարտիրոսյանը։

Իսկ ի՞նչ կարող է անել այս պարագայում գյուղնախարարությունը։ «Ա1+»-ին ասացին, որ «Սպայկա» ընկերությունը մասնավոր է. տնտեսվարողի եւ ֆերմերի հատկապես ֆինանսական հարաբերություններին գյուղնախարարությունը իրավունք չունի միջամտել։ Մինչդեռ, գյուղնախարարը օրեր առաջ խորհրդակցություն է անցկացրել և խոստացել, որ որեւէ ընկերություն գյուղացուն չպետք է պարտք մնա։

«Հեռվից գյուղնախարարը քաղցր բառերով կոչա անում՝ էսքան բերք են ստացել։ Բա ո՞ւրա էդ բերքի արդյունքը, ես բերքով չեմ ուրախանում, արդյունքնա ինձ պետք, որ կարողանա ընտանիքս գոնե գոյատեւի»,- ասում է Արայիկ Գրիգորյանը։

Ի դեպ, «Սպայկան» երկու տարի առաջ ջրաշենցիներից ծիրան էր մթերել ու գումարը կրկին չէր վճարել։ Անցյալ տարի գյուղացիները հրաժարվել էին «Սպայկա»-ի հետ համագործակցել։ Այս տարի ծիրանի առատ բերքի պատճառով ջրաշենցին կրկին չէր մերժել ընկերության առաջարկը։

«Ես կոչ եմ անում «Սպայկա»-ին՝ եթե ինքը նման կերպա վարվում, ուրեմն էս գյուղում նա այլեւս տեղ չունի, ինքը չի կարանալու էս գյուղից մի հատիկ ծիրան տանի, եթե ինքը էս կերպա վարվում տանջված գյուղացու հետ»,- ավելացնում է Արայիկ Գրիգորյանը։